«Այդպես եղավ, որովհետև ժամանակին գերիշխել է ոչ թե՝ «արդյո՞ք ես պատրաստ եմ» հարցը, այլ «ումի՞ց եմ պակաս»-ը»․ Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2007 թվի սկզբին լուսահոգի Դավիթ Ավետիսյանի հրավերով աշխատանքի անցա ՀՀ Վճռաբեկ դատարանում։ Թեկնածուական ատենախոսությունս նոր էի պաշտպանել, և դատավոր Ավետիսյանն իմ աշխատանքի գրախոսն էր – այդպես էր ինձ ճանաչում։ Այդ ժամանակ սկսել էր դատական համակարգի իսկական (ոչ թե հիմիկվա պես ֆեյք) ռեֆորմ, որի բաղադրիչներից մեկը դատական իրավաբանության մասնագիտական որակի բարձրացումն էր։

Ժամանակակից լեզվով ասած՝ դատական տեքստերը պետք է դառնային «սմարթ», այսինքն՝ լինեին վերլուծական ու հիմնվեին արժեքների վրա։ Դատավոր Ավետիսյանը, Վճռաբեկի նախագահ Հովհաննես Մանուկյանը և մի քանի այլ առաջադեմ դատավորներ հասկացան, որ այդ խնդիրը կարելի է լուծել իրավական նոր մտածողությամբ երիտասարդ կադրեր ներգրավելու ճանապարհով, և ահա այդ ալիքի տակ ես հայտնվեցի Վճռաբեկում։

Յուրաքանչյուր աշուն՝ դատավորների թեկնածուների հերթական քննությունների հայտարարումից առաջ, իմ ղեկավարը՝ դատավոր Ավետիսյանն ինձ հրավիրում էր իր մոտ ու հարցնում՝ «Էս տարի դիմելու ե՞ս, Ռուբեն ջան»։ Ես էլ ամեն անգամ պատասխանում էի՝ «Ոչ», Զախարիչն էլ ամեն անգամ նույն կիսա-ջղայնացած զարմանքով հարցնում էր՝ «Չհասկացա, էս տարի է՞լ չես դիմելու։ Ինչու՞»։

Իսկ ես ամեն անգամ նույն կիսա-ցուցադրական «խորհրդավորությամբ» պատասխանում էի՝ «Եսիմ։ Մի տեսակ, ինձ պատրաստ չեմ զգում մարդկանց ճակատագրեր որոշելուն»։ Ու վերջում Զախարիչը կիսա-նեղացած ասում էր՝ «Դե չես ուզում՝ չես ուզում։ Ուրեմն գնա նստի քննական խնդիրները կազմի»։

Հիմա արդեն ամբողջությամբ չեմ հիշում՝ ինչից էի խուսափում։ Ճակատագրեր որոշելու բեռի՞ց, սխալվելու՞ց, թե՞ պարզապես հավես չէի անում, թե՞ վախենում էի բարձր միավոր չստանալ ու խայտառակ լինել, թե՞ վախենում էի, որ ինչ-որ հանգամանքներում կարող են ինչ-որ ճնշումներ լինել, որոնց ես չկարողանամ դիմագրավել ու ստիպված լինեմ խղճիս դեմ վճիռներ կայացնել։ Թե՞ արդեն «խելքս հասնում էր» այն ճշմարտությանը, որ անփորձ երիտասարդը, անկախ գիտելիքներից, ի վիճակի չէ արդարադատություն իրականացնել՝ բառիս ամենախորքային իմաստով։ Իրոք չեմ հիշում այս նկատառումներից յուրաքանչյուրի կշիռը իմ հստակ դիրքորոշումը ձևավորելու հարցում, բայց փաստն այն է, որ ԵՐԲԵՔ չեմ զղջացել դրա համար։

Այս հուշերն են ինձ այցելում, երբ մտածում եմ լավ գիտելիքներ ունեցող շատ խոստումնալից իրավաբանի մասին, որ մեկ տարի առաջ իր կամքով դարձել է կալանք տվող «Ջհանգիրյանական» դատարանի դատավոր, որ առանց վարանելու կայացրել է ակնհայտ քաղաքական հետապնդման ենթարկվող անձին «փակելու» որոշում, որ ակամա դարձել է այդ մարդու մահվան պատճառ։ Այդ երիտասարդ կինը ողջ կյանքում ապրելու է արյան խարանով։ Ողջ կյանքում։ Ինչ էլ անի՝ արդեն ոչինչ խմբագրել հնարավոր չէ։ Օրինակ, դատավորների գնահատման փաստաբանական հարթակում որքան էլ «տարօրինակ ձևով» շատանան նրան դրական գնահատող ձայները, միևնույն է՝ արյունը մաքրել չի հաջողվելու։

Ինչո՞ւ այդպես եղավ։ Կարծում եմ՝ որովհետև ժամանակին գերիշխել է ոչ թե՝ «արդյո՞ք ես պատրաստ եմ» հարցը, այլ «ումի՞ց եմ պակաս»-ը։

Հ․Գ․ Նկատել եմ, որ շատերը անդրադառնում են նաև դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Պարտքս եմ համարում հայտնել, որ նա այդպես էլ չհասցրեց որևէ որոշում կայացնել։ Ինչ էր որոշելու՝ միայն կարող եմ ենթադրել։ Փաստն այն է, որ Աստված նրան ազատեց այդ որոշումից, ուստի մենք իրավունք չունենք նրան մեղադրելու։

Հ․Գ․-2 Ուրախ կլինեմ, եթե դատավոր Ալեքսանյանին հրապարական դրական գնահատող փաստաբանները ռիսկ անեն հրապարակավ ինձ հակադարձել։

Հ․Գ․-3 Ռեֆորմը տվեց «շոշափելի» արդյունք․ դատական ակտերը դարձան էապես ավելի վերլուծական։ Բայց դրա արդյունքում արդարադատությունը այդպես էլ չշատացավ․․․»։

Տեսանյութեր

Լրահոս