ՃՈ–ն Երևանի 23 խաչմերուկներում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կատարելու առաջարկներ է ներկայացրել
Հուլիսի 19-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ոստիկանությունում անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
«Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալներ, ճանապարհային ոստիկանության ղեկավարությունն ու քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարը:
Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը ներկայացրել է Հայաստանում տրանսպորտային պարկի վիճակագրական տվյալներ, երթևեկության վերաբերյալ միջազգային փորձն ու իրականացված վերլուծությունները։
Մայրաքաղաքում խցանումներն ու հապաղումները հնարավորինս նվազեցնելու և առավել անվտանգ երթևեկություն ունենալու համար ճանապարհային ոստիկանությունը ներկայացրել է Երևանի 23 խաչմերուկներում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կատարելու առաջարկներ, որոնք կյանքի կոչելուց հետո էականորեն կնվազեն ճանապարհատրանսպորտային պատահարները, երթևեկության հապաղումներն ու խցանումները, կմեծանա խաչմերուկների թողունակությունը, կավելանան հետիոտնային անցումները և այլն։
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում առաջարկներով է հանդես եկել նաև Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարը։
Ներկաները հիմնականում դրական են գնահատել ներկայացված առաջարկներն ու պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը։
Խորհրդակցությանը քննարկվել են նաև մոպեդների և ինքնագլորների խնդրի կարգավորման և մայրաքաղաքի երթևեկության կազմակերպմանը վերաբերող այլ հարցեր»,- նշված է հաղորդագրությունում։