Այս հատվածում տեսախցիկներ չկան. Ցեղասպանության թանգարանը` սկանդալային տեսանյութի մասին. Sputnik Արմենիա
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ տանող ճանապարհին տեսախցիկներ չկան: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արտաքին կապերի բաժնի ներկայացուցիչ Սերինե Մուրադյանը` մեկնաբանելով սոցցանցերում տարածված սկանդալային տեսանյութը:
Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որում անհայտ տղամարդը հուշահամալիրի առջև ցույց է տալիս «գորշ գայլերի» նշանը` ասելով, որ եկել է «Հայաստանի ամենամեծ թատրոն»:
«Հուշահամալիրի տարածքը հսկվում է, այնտեղ ոստիկաններ կան։ Կոնկրետ համալիր տանող ճանապարհին, որտեղ նկարահանվել է տեսանյութը, տեսախցիկներ չկան»,- ասաց Մուրադյանը։
Նրա խոսքով՝ տեսախցիկներ տեղադրված են «Հավերժության տաճարի» մոտ, ինչպես նաև ավտոկայանատեղիի հատվածում։ Հուշահամալիրի տարածքում հերթապահում են ոստիկանները, նրանք շրջում են տարածքում։
Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ոստիկանությունը հսկում է տարածքը։ Սակայն այլ մանրամասներ տրամադրելու համար խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։
Այդ անձի այլ տեսանյութերում երևում է, թե ինչպես է նա զբոսնում Երևանում Թուրքիայի դրոշի կրծքանշանով, նկարվում Խոր Վիրապի առջև ու այցելում է Գյումրի։