ԿԳՄՍՆ պարզաբանումը՝ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենին ներկայացվող աշխատանքային ստաժի պահանջների վերաբերյալ

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ, որով տնօրենի պաշտոնին հավակնորդների համար սահմանվում են մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի աշխատանքային ստաժի պահանջները, Հայաստանի իրավական ակտերի տեղեկատվական համակարգում հրապարակվել է պաշտոնական պարզաբանում:

Համաձայն վերը նշված օրենքի համապատասխան դրույթի` նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ստանում է բազմաթիվ հարցադրումներ քաղաքացիներից և վերապատրաստող կազմակերպություններից առ այն, թե որն է համարվում մանկավարժական և հանրային կառավարման ստաժ:

Պարզաբանումը տրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ` կարևորելով նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար դիմող քաղաքացիների համար օրենքի պահանջների հստակեցումը:
Իրավական ակտի ուժ ունեցող պարզաբանմամբ ներկայացվել են այն իրավակարգավորումները, որոնցով սահմանվում են «մանկավարժական աշխատանքի» և «հանրային կառավարման ոլորտի» ստաժ հասկացությունները:

Ըստ այդմ` մանկավարժական աշխատանքի ստաժում հավասարապես կիրառելի են և պետք է հաշվարկվեն ինչպես ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N1391-Ն որոշմամբ, այնպես էլ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N416-Ն հրամանով հաստատված մանկավարժական պաշտոններում աշխատած ժամանակահատվածները:

Պարզաբանման մեջ արձանագրվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունները պետական կամ համայնքային կազմակերպություններ են, որոնց գործադիր մարմնի` տնօրենի գործառույթները հիմնականում մասնագիտական են, վերջինս մանկավարժական աշխատող է: Օրենքի տրամաբանությամբ` հանրային կառավարման ոլորտի ստաժ հաշվարկելիս հաշվի է առնվում «Հանրային ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պետական ծառայության (քաղաքացիական ծառայություն և համայնքային ծառայություն) աշխատանքային ստաժը:

Տեսանյութեր

Լրահոս