ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մտահոգիչ հաղորդագրությունը. փնտրվում են կամավորականներ արտակարգ իրավիճակների համար

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ-ում գտնվող ԱՄՆ քաղաքացիների համար հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հավաքագրում է կամավորականների: Ամերիկյան կողմը հաղորդագրությունում նշում է, որ համայնքային հաղորդակցության կամավորականներն արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին պետք է հայտնաբերեն, տարհանեն ու այդ պահին անհրաժեշտ գործընթացներ կազմակերպեն, ինչպիսին հիվանդանոց կամ քրեակատարողական հիմնարկ այցն է:

Ըստ դեսպանատան, կամավորների աշխատանքային պարտականություններն են համայնքային կամավորների տարածքում բնակվող ԱՄՆ քաղաքացիների հեռախոսահամարների և հասցեների (ներառյալ՝ էլփոստի) ցուցակի պատրաստում, թարմացում և պահպանում, աջակցություն ԱՄՆ դեսպանատան Ամերիկայի քաղաքացիների սպասարկման բաժնին, որոշ գործառույթների իրականացում դեսպանատան անունից:

«Օրինակ, եթե հյուպատոսական բաժինը հաղորդում է ստանում, որ ամերիկացին վիրավորվել է մայրաքաղաքից հեռու, ապա հյուպատոսական բաժինը կարող է խնդրել տարածքում գտնվող կամավորին այցելել հիվանդանոցում գտնվող վիրավորին և տեղեկացնել նրա վիճակի մասին»,- նշում է դեսպանատունը՝ հավելելով, որ որպես տեղի բնակիչներ, որոշ կամավորներ կարող են օգտակար կոնտակտներ ունենալ, որոնց կարող են դիմել իրենց տարածքներում տեղեկատվության և/կամ օգնության համար, նրանք կարող են հյուպատոսական գրասենյակին խորհուրդներ կամ տեղեկատվություն տրամադրել տեղական պայմանների վերաբերյալ կամ կատարել հատուկ ծառայություններ: Հաղորդագրության վերջում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նշել է, թե որ համայնքներում է փնտրում նման կամավորականներ և ինչպես նրանք կարող են դիմել կամավորական դառնալու համար:

Հաշվի առնելով Հայաստանում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում ԱՄՆ դեսպանատան անվտանգային զգուշացումների (security alert) պատմությունը, որոնք մեծամասամբ համընկել են ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների կամ հայ-ադրբեջանական սահմանին սրացումների հետ, այս հայտարարությունը չի կարող չմտահոգել նաև ՀՀ քաղաքացիներին, քանի որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը խոսում է արտակարգ իրավիճակների մասին:

Չի բացառվում նաև, որ ԱՄՆ դեսպանատունը պարզապես բարձրացնում է ԱՄՆ քաղաքացիներին տրվող ծառայությունների որակը՝ փորձելով հնարավորինս անվտանգ դարձնել ՀՀ-ում նրանց կեցությունը:

Տեսանյութեր

Լրահոս