Սոցինտերնի Խորհուրդն իր խոր մտահոգություն է արտահայտել ՀՀ-ում 2020թ․ հետո ընկած ժամանակահատվածի զարգացումների վերաբերյալ
Հուլիսի 7-8ը ՄԱԿ-ի Ժնևի նստավայրում կայացել է Սոցիալիստական Ինտերնացիոնալի (Ընկերվար միջազգայնական) խորհրդի նիստը։ Շուրջ հարյուր երկրներից քաղաքական կուսակցություններ համախմբող մոլորակի խոշորագույն այս կազմակերպությանը Հ․Յ․ Դաշնակցությունն անդամակցում է դեռևս 1907 թվականից, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանը Սոցիալիստական Ինտերնացիոնալի փոխնախագահներից է, ով մասնակցել է ինչպես Խորհրդի, այնպես էլ նախագահության և ֆինանսական ու կազմակերպական հարցերի հանձնաժողովի նիստերին։
Նախագահության և խորհրդի նիստերի ընթացքում Մարիո Նալբանդյանը միջազգային գործընկերներին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը, ադրբեջանական կողմի հանցագործություններն ու շարունակական ագրեսիան, Հայաստանին ռազմական ուժի սպառնալիքի տակ նոր ճնշումներ պարտադրելու Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականությունը, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու «Դիմադրություն» շարժման հիմնական նպատակները և ծրագրերը։
Խորհրդի այս նիստը կրում էր «Գլոբալ մարտահրավերներին հումանիտար և կայուն լուծումներ գտնելու մեր հանձնառությունը» խորագիրը։ Նիստի հիմնական աշխատանքները ծավալվել են հետևյալ թեմաների շուրջ․
1. Աշխատել հանուն խաղաղության և միջազգային անվտանգության՝ հիմնված մեր ընդհանուր նպատակների, սկզբունքների և կանոնների վրա։
2. Ուժեղացնել ժողովրդավարությունն ու ապահովել հիմնարար իրավունքները։
- Արձագանքել գլոբալ ճգնաժամերին՝ համաճարակ, կլիմայի փոփոխություն, տնտեսություն, միգրացիա և փախստականներ։
Սոցիալիստական Ինտերնացիոնալի Խորհուրդն ընդունել է հայտարարություն և առանձին տարածաշրջանների մասին բանաձևեր, որոնցից մեկում էական անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանին՝ արձանագրելով․ «Հարավային Կովկասի վերաբերյալ, Սոցիալիստական Ինտերնացիոնալի խորհուրդն արտահայտում է իր խոր մտահոգությունը 2020թ․ հետո ընկած ժամանակահատվածի զարգացումների վերաբերյալ, ներառյալ Հայաստանի Հանրապետության սահմաններ ներխուժումների և փոխրաձգությունների, ինչպես նաև հայ ռազմագերիներին և ձերբակալված քաղաքացիական անձանց շարունակվող պահման առթիվ»։
Ավելին, Խորհուրդը Հայաստանի իշխանություններին հորդորում է զերծ մնալ հակաժողովրդավարական գործելաոճից, որոնք նրանք որդեգրել են հատկապես 2020թ․ պատերազմի պարտությունից հետո՝ հետապնդելով «Դիմադրություն» շարժման և ընդհանրապես ընդդիմադիր ակտիվիստներին, ճնշում գործադրելով իրավական համակարգի վրա՝ նպատակ ունենալով մեծացնել իրենց ազդեցությունը դատարանների վրա և սահմանափակել բաց ու թափանցիկ հանրային հաշվետվողականությունը»։
Ընկերվար Միջազգայնականը (Socialist International) ընկերվար-ժողովրդավարական, ընկերվարական և աշխատավորական կուսակցություններ համախմբող համաշխարհային կառույց է, որը բոլոր մայրցամաքներից ներառում է ավելի քան 110 երկիրների շուրջ 130 քաղաքական կուսակցություններ և կազմակերպություններ։ Թուրքիայից Ժողովրդահանրապետական (CHP) և Ադրբեջանից Սոցիալ դեմոկրատական կուսակցությունները (SPDA) ևս լիիրավ անդամ են։
Մոլորակի խոշորագույն այս կազմակերպությանը Հ․Յ․ Դաշնակցությունն անդամակցում է դեռևս 1907 թվականից։ Սոցիալիստական Ինտերնացիոնալում ՀՅԴ ներկայացուցիչ Մարիո Նալբանդյանը կազմակերպության փոխնախագահ է։ ՀՅԴ համապատասխան կառույցները լիիրավ անդամ են Կանանց Ընկերվար Միջազգայնականին (SIW) և Ընկերվար Երիտասարդների Միջազգային Միությանը (IUSY)։ ՀՅԴ Երիտասարդականի կողմից Սարինե Աբրահամյանն IUSY-ի փոխնախագահն է։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
20.07.2022 թ.