Բաժիններ՝

Անփոխարինելի Աղը

«Դուք ձեր մե՛ջ ունեցեք աղը և իրար հետ
խաղաղությա՛մբ ապրեցեք» (Մարկ․ 9։49)

Աղի դերը կենցաղում շատ կարևոր է։ Այն մշտապես անփոխարինելի է եղել և օգտագործվել է կենցաղում սնունդը համեմելու և կամ էլ այն պահպանելու գործում։

Աղով է, որ կերակուրն ամբողջացնում է իր համը, սակայն այստեղ էլ պետք է զգույշ լինել, քանի որ ինչպես աղի պակասից, այնպես էլ աղի ավելցուկից կերակուրը ուտելու պիտանի չի լինում։

Թվում է՝ պիտի հարցնենք՝ ի՞նչ կապ կա այս ձևակերպումների և հոգևորի միջև, սակայն նայենք ավելի խորը։ Ինչպես միշտ, մեր մտածումները մեզ տանում են դեպի Ավետարան՝ Քրիստոսի խոսքը, որ փոխանցվել է մեզ։ Ի՞նչ է ասում Քրիստոս աղի մասին։

Առանձնացնենք ավետարանական երկու մեջբերում։ Մեկում Քրիստոս աշակերտներին ասում է․ «Դո՛ւք եք երկրի աղը. սակայն եթե աղը անհամանա, ինչո՞վ այն կաղվի. Այնուհետև ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի» (Մատթ․ 5։13), իսկ մյուս հատվածում էլ Մարկոս Ավետարանիչը մեզ է փոխանում հետևյալ խոսքերը․ «Աղը լավ բան է. բայց եթե աղը անհամանա, ինչո՞վ պիտի համեմվի. արդ, դուք ձեր մե՛ջ ունեցեք աղը և իրար հետ խաղաղությա՛մբ ապրեցեք» (Մարկ․ 9։49)։

Ի՞նչ է աղն ըստ Քրիստոսի։ Կրկին հիշենք աղի հատկանիշները՝ պահպանող, անփոխարինելի, բացահայտող։ Քրիստոնեության մեջ այս դերի կրողը մեկն է՝ Սերը։ Այո՛, աստվածային սերն էլ իր բնույթով անփոխարինելի է, առանց սիրո անհնար է ապրելը, սակայն Քրիստոս իր այս պատգամով մեկ այլ ճշմարտություն է մեզ փոխանցում։ Նա շեշտում է մեր ներկայության չափը այլոց կյանքում՝ պատգամելով, որ ամեն հարցում, ինչպես և սիրո, չափավորություն դրսևորենք։

«Եթե աղն անհամանա, ինչո՞վ կհամեմվի»,- այս հատվածում Քրիստոս, Իր խոսքն ուղղելով մեզ՝ քրիստոնյաներիս՝ ի դեմս Իր աշակերտների, պատգամում է մշտապես իմանալ մեր դերը և առաքելությունը, մշտապես հավատարիմ մնալ դրան։ Քանի որ այլևս «պիտանի» չենք լինի, երբ դադարենք այս աշխարհի համար աղ լինել՝ պահպանել, բացահայտել, սեր տալ։ Այլևս ո՞րը կլինի մեր դերը։

Խորհե՛նք այս մասին՝ մեր անձնական օրինակով։ Պահպանե՛նք Աստծուց որպես շնորհ ստացած սերը, քանզի Ինքը՝ Քրիստոս է փաստում, որ միայն դրա առկայությամբ է, որ մեր կյանքի ընթացքը խաղաղ է լինելու՝ ասելով․ «Արդ, դուք ձեր մե՛ջ ունեցեք աղը և իրար հետ խաղաղությա՛մբ ապրեցեք» (Մարկ․ 9։49)։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս