Պատգամավորներն արձակուրդ են մեկնում․ ԱԺ նախագահի պարտականությունները կկատարի Ռուբեն Ռուբինյանը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ պատգամավորները 30 աշխատանքային օրով արձակուրդի կմեկնեն: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքում հրապարակված համապատասխան կարգադրությունից:
«Ազգային ժողովի պատգամավորներին (բացառությամբ Ազգային ժողովի նախագահի) տրամադրել 2022 թվականի ամենամյա հերթական արձակուրդը՝ 30 աշխատանքային օր, 2022 թվականի հուլիսի 18-ից օգոստոսի 26-ը ներառյալ»,-ասվում է ԱԺ նախագահի կարգադրության մեջ:
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին տրամադրվել է 18 աշխատանքային օր արձակուրդ՝ օգոստոսի 8-31-ը ներառյալ:
Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը արձակուրդ կգնան 28 աշխատանքային օր՝ հուլիսի 25-ից օգոստոսի 31-ը ներառյալ:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձակուրդ կմեկնի հուլիսի 22-ից օգոստոսի 5-ը ներառյալ, այս ընթացքում ԱԺ նախագահի պարտականությունները կկատարի Ռուբեն Ռուբինյանը: