Արմեն Գրիգորյանի մահը կանխամտածված գործողությունների հետևանք է․ հայտարարություն

Որոշ ՀԿ-ներ և հասարակական-քաղաքական ուժեր ցավակցություն են հայտնել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ։

Հայտարարությունը՝ ստորև․

«Խոր վշտով ցավակցում ենք պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին նրա անժամանակ, ողբերգական մահվան կապակցությամբ:

Մխիթարանքի մեր խոսքն ենք հղում և զորակցություն հայտնում բոլորին:

Այս մահը մեծ կորուստ է բոլոր ազգասեր հայերի համար:

Հիշատակն արդարոյ օրհնութեամբ եղիցի:

Արժանապատիվ հայրենակիցնե՛ր.

Հուլիսի 15-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության I ատյանի դատարանի «Կենտրոն» նստավայրում «հանկարծամահ» եղավ հայտնի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որը հանրությանը հայտնի էր իբրև այլախոհ և ներկա իշխանությունների հանդեպ կոշտ դիրքորոշում ունեցող անհատ: Արմեն Գրիգորյանը ձերբակալվել էր ս.թ. մայիսի 17-ին իբր թե ազգային, ռասայական և կրոնական խտրականություն քարոզելու մեղադրանքով: Խախտելով անմեղության կանխավարկածը՝ նրա նկատմամբ ԱԱԾ-ն գործադրել էր ձերբակալման անմարդկային դաժանություն: Որևէ դիմադրություն ցույց չտվող քաղաքացուն բերման էին ենթարկել որպես առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձի: Նրան բերման ենթարկելու ստորացուցիչ կադրերը տարածվել են համացանցում: Դժվար չէ ենթադրել, թե ինչ հոգեկան և ֆիզիկական կտտանքների է ենթարկվել Ա. Գրիգորյանը կալանքի տակ գտնվելու շուրջ 2 ամիսների ընթացքում: Մեր խորին համոզմամբ՝ Ա. Գրիգորյանը սույն ազգակործան իշխանությունների կամայականությունների հերթական զոհն է: Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ Ա. Գրիգորյանին ձերբակալել են 2022թ.-ի մայիսի 17-ին  այն  արտահայտությունների համար, որոնք նա արել էր ավելի քան 1 տարի առաջ: Եթե նրա ասածներն իրենց մեջ պարունակում էին հանցակազմի տարրեր, ապա ինչո՞ւ նրան ձերբակալեցին մեկ տարի հետո:

Մենք կարծում ենք, որ նրա մահը կանխամտածված գործողությունների հետևանք է, որն, ըստ էության, սպանություն է: Պարտադիր չէ, որ սպանությունը իրականացվի բռնի ֆիզիկական գործողություններով: Ըստ ՀՀ նոր Քրեական օրենսգրքի 450 հոդվածի՝ սպանություն է նաև ֆիզիկական և հոգեկան ուժեղ տառապանքներ պատճառելու միջոցով մահվան հասցնելը:

Արմեն Գրիգորյանը հերթական զոհն է, դա՛ է մեր համոզմունքը:

«Պահեստազորի սպաներ» շարժում,

«Ձայն հայրենեաց» մշակույթի գործիչների շարժում,

«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների ՀԿ,

«Հայ ազգային գվարդիա» ՀԿ,

«Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն» ՀԿ,

«Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ,

«Վերադարձ» հիմնադրամ»»։

Տեսանյութեր

Լրահոս