Երբ հակառակորդներիդ կտում ես, որ թերագնահատեն քո ուժը․ Կարեն Վրթանեսյան
Տեղեկատվական անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«2006-ին հրապարակած մի հոդված եմ կարդում, որտեղ Վենեսուելայի օղորմածիկ դիկտատոր Ուգո Չավեսի մասին պատմում է իր հին բանակային ընկերը.
«Չավեսն առաջնակարգ ստրատեգ է։ Երբ մենք բանակում էինք, նա Սալվադորում հոգեբանական պատերազմի դասընթաց անցավ։ Նա մեծ ջատագով դարձավ «հակադարձ հոգեբանության»*. երբ հակառակորդներիդ կտում ես [անգլ՝ baiting], որ թերագնահատեն քո ուժը։ Չավեսն անընդհատ է այդպես անում։ [Հեռուստահաղորդման ժամանակ] կարող է գազարը վերցնել և ասել, որ բազուկ է։ Իր հակառակորդները կսկսեն ծաղրել իրեն. «Ինչ ապուշ է, նա նույնիսկ չի կարողանում գազարը բազուկից տարբերել»։ Բայց ես երաշխավորում եմ, որ հաղորդումից հետո Չավեսն է լինելու ծիծաղողը։ Նա մտքում ասելու է. «Անհավատալի է, որ ես ֆռացրի սրանց, որ ամբողջ շաբաթ խոսեն բազուկից ու գազարից»։
* «Հակադարձ հոգեբանություն» կոչվածը մանիպուլյացիայի ձև է, երբ մարդուն մի բան համոզելու համար հակառակն ես անում, ասենք՝ ուզում ես, որ ինչ-որ տեղ գնա, սկսում ես համոզել, որ պետք չի այնտեղ գնալ, ավելի շատ գրգռելով հետաքրքրությունը»։