Ոչ ոք չի կարող որոշել արտաքսել հանուն Հայ Դատի պայքարող գործիչներին՝ քաղաքական հաշիվներ լուծելու համար. CCAF

Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը հաղորդագրություն է հրապարակել, որում ասված է։

«Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) մեծ ցնցումով իմացավ իր համանախագահի՝ Մուրադ Փափազյանի` Հայաստան մուտքի արգելքի մասին չորեքշաբթի` հուլիսի 13-ին, Երեւանի օդանավակայանում:

Այս որոշումը անհարիր է հայտարարված թավշյա հեղափոխության սկզբունքներին, սպառնում է ֆրանսահայության` ազատ խոսքի արտահայտության իրավունքին և վտանգում այն, ուղղակի հարված է՝ հայաշխարհի միություններին, կազմակերպություններին ու դրանց ներկայացուցիչներին, ինչպես նաեւ ոտնահարում է ժողովրդավարությունը եւ բարդացնում երկրի ներսում արդեն իսկ գոյություն ունեցող մտահոգիչ ներքին լարվածությունը եւ փխրուն անվտանգությունը«,– ըստ yerkir.am-ի՝ ասված է հաղորդագրության մեջ:

«Հայաստանը պատկանում է նաեւ սփյուռքահայությանը, Ցեղասպանությունից ճողոպրած սերունդի զավակներին ու թոռներին, մանավանդ` նրանց, ովքեր պայքարում են ի խնդիր մեր իրավունքների: Եվ ոչ ոք չի կարող որոշել արգելակել կամ արտաքսել հանուն Հայ Դատի պայքարող գործիչներին՝ քաղաքական հաշիվներ լուծելու համար:

Ֆրանսահայ կազմակերպությունների խորհուրդը խստորեն դատապարտում է այս խայտառակ որոշումը եւ պահանջում դրա անմիջական չեղարկումը` ամբողջական զորակցություն հայտնելով Մուրադ Փափազյանին»,– ասված է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս