Պայքարելու ենք, որ Հայաստանին կապող միջանցքը մնա. պարտված բանակցողներ չպետք է լինեն բանակցությունների սեղանի շուրջ. Դավիթ Գալստյան
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի խոսքով՝ կուսակցության խորհրդի նիստում հուլիսի 12-ին քննարկվել է ոչ միայն Բերձորը, Աղավնոն և Սուսը հայկական պահելու վերաբերյալ հարցը, այլև որոշում է կայացվել։
«Կա քայլերի հաջորդականություն, որոնցից առաջինն այն է, որ իշխանություններից պետք է պահանջենք, որպեսզի հավատարիմ մնան նոյեմբերի 9-ին չարաբաստիկ հայտարարության մեջ եղած այն մեկ կետին, որը գոնե ներկայացնում է հայկական շահը։ Այն վերաբերում է միջանցք հասկացությանը՝ Արցախը Հայաստանին կապող միջանցք։ Երբ նոյեմբերի 9-ի հայտարարությունը կարդում ենք ռուսական տարբերակում, նշվում է, որ Լաչինի միջանցքով պետք է անցնի այլընտրանքային ճանապարհը։ Իսկ այսօր Լաչինի միջանցքից դուրս չգիտես թե ովքեր, ինչ-որ բանավոր պայմանավորվածությամբ, այլընտրանքային ճանապարհը կառուցում են Լաչինի միջանցքից դուրս։ Հենց այդ պատճառով էլ խնդիր է առաջանում Բերձորի, Աղավնոյի, Սուսի բնակիչների համար։ Ավելին՝ սա ոչ միայն այս բնակավայրերի բնակիչների խնդիրն է, այլև ամբողջ Արցախի անվտանգության հարցն է։ Ըստ իրենց տրամաբանության, միջանցք հասկացությունը դուրս է գալիս կառուցվող ճանապարհից հետո, և այն լինելու է ճանապարհ, որը վերահսկելու են ռուս խաղաղապահները, այլ ոչ թե միջանցք՝ Արցախը Հայաստանին կապող»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Դավիթ Գալստյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունը ոչ միայն պետք է հավատարիմ մնա այդ կետին, այլև այն կյանքի կոչի։ Եթե կառուցվելիք ճանապարհից միջանցքի տրամաբանությունը դուրս է գալիս, սակայն Աղավնոյի բնակչության անվտանգությունն ապահովում են, սա դեռևս չի նշանակում, որ հայկական կողմի համար այդ ճանապարհն ընդունելի է։
«Անկախ նրանից, բնակչության ֆիզիկական անվտանգությունն ապահովվա՞ծ է, թե՞ չէ, իրենք ուզում են հանել միջանցքի տրամաբանությունը։ Մենք պայքարելու ենք, որ Հայաստանին կապող միջանցքը մնա։ Եթե ինչ-որ փոփոխություններ են արել նոյեմբերի 9-ի փաստաթղթում, ապա թող բարձրաձայնեն։ Ինքս շատ ուրախ կլինեի, եթե Արցախի նախագահը դառնար բանակցությունների կողմ և բանակցեր այդ փաստաթղթում առկա կետերի կատարման կամ փոփոխություններ կատարելու համար։ Բայց գիտենք, որ Արցախի Հանրապետությունը որպես կողմ հանդես չի եկել նոյեմբերի 9-ի հայտարարությանը, և Արցախը չի կարող բանակցել։
Փոփոխություններ պետք է լինեն ռազմագերիների մասով, երբ Ալիևն ասում է, որ ռազմագերիները, որոնք պահվում են Բաքվում, նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո են գերեվարվել»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է օրերս Արցախի ԱԺ-ում նախագահ Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, որ պայքարում են Աղավնոն պահելու համար, Դավիթ Գալստյանն ասաց, որ այդ թեզն իրենց չի բավարարում։
«Բանակցողները նախևառաջ պետք է ներկայացնեն հայկական շահը, ինչպես բազմիցս հայտարարել ենք, Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում հայկական շահը։ Նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերը Փաշինյանի կողմից մեկնաբանվում են ադրբեջանական շահի քողի ներքո։ Պարբերաբար Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այդ ամենը պայմանավորվում է Արցախի իշխանությունների հետ։ Մենք նոյեմբերի 9-ից հետո պահանջել ենք պարտված իշխանության հրաժարականը, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի պարտված բանակցողները չլինեն բանակցությունների սեղանի շուրջ»,- եզրափակեց Դավիթ Գալստյանը։