Բաժիններ՝

Կինը` քրիստոնեության մեջ

Քրիստոնեությունը կնոջը վեր հանեց ավելի բարձր հեղինակության, ինչը չենք կարող տեսնել այլ կրոններում կամ մարդկային պատմության անցյալի մեջ: Որոշ կրոնների հետևող հասարակությունների մեջ կինը երկրորդական կամ երրորդական տեղում է, ինչպես օրինակ իսլամի կամ բուդդիզմի մեջ: Բուդդայականության մեջ նույնիսկ կնոջ նկատմամբ շեշտված թշնամական վերաբերմունք կա:

Կինը տանջանքներով լի նյութական աշխարհի` սանսարայի մարմնացումն է: Դրա համար էլ բուդդայականությունը կնոջը փրկություն չի խոստանում. փրկության համար կինը պետք է վերածնվի որպես տղամարդ: Այս կրոնը կնոջը դատապարտում է տղամարդուն իր հետ ամուր կապելու և դրանով նրա փրկությանը խանգարելու համար: Բուդդայականության շատ հետևորդների կարծիքով ընտանիքի հետ կապերը չխզած տղամարդը չի կարող փրկվել: Դրա օրինակը Բուդդան է, ով թողեց իր ընտանիքը: Իսլամի մեջ կատարյալ կնոջ կերպար է համարվում Հիսուսի մայր Մարիամը, բայց, այնուամենայնիվ, բազմակնության ընդունումը կնոջը ստորակարգ էակ է դարձնում: Մինչդեռ քրիստոնեությունը, շեշտելով տղամարդու գլխավորող դերը, միևնույն ժամանակ չի նսեմացնում կնոջ դերը: Քրիստոնյաների ամենամեծ սուրբն է Մարիամ Աստվածածինը: Բացի դրանից Քրիստոս և՛ Ծննդյան, և՛ Հարության ժամանակ առաջինը հենց կանանց հայտնվեց:

Պողոս առաքյալն ասում է, որ Քրիստոսով խտրություն չկա տղամարդու և կնոջ միջև (Գաղ. 3.28): Բայց առաքյալը նաև ասում է, որ տղամարդն է կնոջ գլուխը, ինչպես Քրիստոս գլուխն է Եկեղեցու (Ա Կորնթ. 11.3, Եփ. 5.23): Ինչպե՞ս կարող ենք հասկանալ այս հակասությունը առաքյալի խոսքերի միջև: Մարդու գլխավորության մասին շեշտադրումը անցյալի հասկացությունների կրկնությունը չէ, որոնց համաձայն մարդը ղեկավարն է, իսկ կինը` նրա ենթական:

Ընդհակառակը, քրիստոնեական տեսակետի համաձայն` տղամարդու գլուխ լինելը նշանակում է հոգատարություն, քնքշություն կանանց հանդեպ և աջակցություն նրանց: Ճիշտ է, Քրիստոսով խտրականություն չկա տղամարդու և կնոջ միջև, սակայն կինը և տղամարդը նույնը չեն: Կան բաներ, որ կինը երբեք չի կարող անել տղամարդու փոխարեն, և կան բաներ, որ տղամարդը երբեք չի կարող իրագործել կնոջ փոխարեն:

Ճիշտ է ասված, որ եթե կինը գոյություն չունենար, մենք զրկված կլինեինք ուրախությունից մեր կյանքի սկզբում, հաճույքից` մեր կյանքի ընթացքում և մխիթարությունից` մեր կյանքի վերջում: Եվ այս կարծիքն ընդունելի է, որովհետև մարդկանցից ոչ ոք չի կարող մխիթարել այնպես, ինչպես կանայք, քույրերը և մայրերը` կնոջ հոգուն հատուկ բարիության ու զգացմունքայնության շնորհիվ: Եվ բանաստեղծը մեծ իմաստությամբ է ասել, որ մեր առաջին արցունքները սրբվում են կնոջ կողմից, և մեր առաջին բառերը սովորում ենք կանանց շուրթերից:

Տեր Ադամ քհն․ Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս