Բաժիններ՝

Վարորդները պետք է պատրաստ լինեն, որ օգոստոսի 1-ից իրենց գազաբալոնները կարող են նաև փորձարկում չանցնել

Հայաստանում օգոստոսի 1-ից չեն լիցքավորվի տրանսպորտային միջոցների այն գազաբալոնները, որոնք տեղադրված կամ վկայագրված չեն լինի լիցենզավորված կազմակերպության կողմից: Իսկ լիցքավորման դեպքում կայանը կտուգանվի:

«Այն վարորդները, որոնք դեռևս չեն իրականացրել իրենց տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների վկայագրման գործընթացը, պետք է մոտենան լիցենզավորված կայաններ՝ վկայագրման: Կայանների ցանկը, որոնք ստացել են լիցենզիա և գործում են, տեղադրված է նախարարության պաշտոնական կայքում: Սկզբնական փուլով թղթային տարբերակով ստանալու են այդ հավաստումը, վկայագրումը, դրան զուգահեռ՝ տվյալները մուտքագրվելու են էլեկտրոնային շտեմարան, որն այս պահին պատրաստ է: Կայանների մեծ մասը միացված է էլեկտրոնային շտեմարանին, որոշ կայաններ արդեն իսկ իրականացնում են վկայագրման գործընթաց, տվյալները տեղադրում էլեկտրոնային շտեմարանում: Սկզբնական շրջանում լավ կլինի, որպեսզի թղթային տարբերակը վարորդներն իրենց մոտ ունենան՝ գազալցակայաններում լիցքավորելու համար»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՏԿԵՆ Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը:

Խաչիկ Սողոմոնյանը նշեց նաև, որ այն վարորդները, որոնք գազաբալոնները տեղադրել են նախկինում և տրանսպորտային միջոցների վրա գազաբալոններ տեղադրող կայանը տվյալ պահին գործող օրենսդրությամբ է վկայագիր տրամադրել, ապա խնդիր չեն ունենա, եթե վկայագիրը դեռևս ուժի մեջ է, պարզապես պետք է մոտենան կայաններին, ու այդ տվյալները մուտքագրվեն էլեկտրոնային շտեմարան:

Եթե, օրինակ, այդ հավաստումը գործում է մինչև 2023 թվականի մայիս ամիսը, դա դեռևս ուժի մեջ է լինելու, կարիք չի լինելու այս պահին վկայագրել ու ևս 2-3 տարի ունենալ այդ վկայագրումը:

«Իսկ, թե որ գազաբալոնը որքան ժամանակը մեկ պետք է վկայագրվի՝ դա կարգավորված է ՀՀ կառավարության որոշումով, և այնտեղ հստակ նշված է, թե որ տեսակի բալոնը որքան ժամանակը մեկ է վկայագրվում: Հիմնականում դա երկու տարի է: Այն վարորդները, որոնք ունեն վկայագրեր՝ այս պահին խնդիր չեն ունենա»,- մանրամասնեց ՀՀ ՏԿԵՆ Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետը:

168.am-ի հարցին՝ գազաբալոնների տեղադրման կամ վկայագրման գները բարձրացել են. 9000-12.000 դրամից բացի, կա նաև 24.000-ը։ Օրինակ, Նորագավիթում, 2.2լ բալոնի համար 24․000 դրամ են վարորդից պահանջել։ Հնարավոր չէ՞, որ այս դեպքում կառավարությունը գին թելադրի, ոչ թե այս կամ այն ընկերությունը, Խաչիկ Սողոմոնյանը պատասխանեց. «Դա դիտվում է՝ որպես բիզնես գործունեություն, և այստեղ գնային հարցը կարգավորվում է մրցակցության հաշվին, և տվյալ վարորդները, որ գիտեն, թե որ կայանում է բարձր, ունեն ընտրություն կատարելու հնարավորություն, կարող են ընտրել իրենց հարմար տարբերակը»:

Իսկ, եթե ստուգաչափվի, ո՞վ է տուգանվելու՝ վարո՞րդը, թե՞ լիցքավորման կայանը , ՀՀ ՏԿԵՆ Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետը նշեց, որ տուգանվում է միայն գազալիցքավորման կայանը, եթե լիցքավորի նման տրանսպորտային միջոց: Առաջին խախտման դեպքում տուգանվում են 200.000 դրամի չափով:

Մեր դիտարկմանը՝ վկայագրման համար հերթերը հասել են մինչև սեպտեմբեր։ Ինչպե՞ս է լուծվելու հերթերի հարցը, ի՞նչ անեն մարզի բնակիչները։ Գուցե հերթերի մեջ նրանց առաջնայնությո՞ւն տան։ Խոսքը, օրինակ, Արագածոտնի մարզի մասին է, Խաչիկ Սողոմոնյանը պարզաբանեց. «Պարբերաբար իրազեկվում էր, որպեսզի անցնեն այդ գործընթացը: Ցավոք, մեր հասարակությունն այդպիսի մոտեցում ունի՝ բոլորը ցանկանում են վերջին պահին անել, և չի հաջողվում խուսափել այդ հերթերից: Եթե սա նոր է, ապա տեխզննման գործընթացը գործում էր և մեծ մասը տարին գոնե մեկ անգամ անցնում է այդ գործընթացով: Բայց փորձը ցույց է տալիս, որ սա ևս կատարվում է տարեվերջին: Համենայն դեպս, ամեն ինչ անում ենք, որ այդ հերթերից խուսափենք, և այն ընկերությունները, որոնք, ցանկանում են նման գործունեությամբ զբաղվել, լիցենզիա ստանալ, այդ գործընթացը փորձում ենք հնարավորինս արագ կազմակերպել և ապահովել լիցենզավորված կայանների բաշխվածությունը ՀՀ ամբողջ տարածքով: Ցավոք, այսօր ոչ բոլոր մարզերում են լիցենզավորված կայաններ: Ունենք տարբեր հայտեր, այս պահին Սյունիքի մարզից փաթեթը կարծես ամբողջական է, մնացել է տեղում ուսումնասիրություն իրականացնել»:

ՀՀ ՏԿԵՆ Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետն ընդգծեց՝ գազաբալոններն ունեն շահագործման հստակ ժամանակահատված, և այս գործընթացը նաև թույլ կտա, որպեսզի գազաբալոնները, որոնց շահագործման ժամկետը լրացել է՝ փոխարինվեն: Նման գազաբալոնները չեն լիցքավորվի:

«Վարորդները պետք է պատրաստ լինեն, որ իրենց գազաբալոնները կարող են նաև փորձարկումը չանցնել, եթե նման խնդիրներ ունեն: Դրանք պետք է փոխարինեն»,- հավելեց Խաչիկ Սողոմոնյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս