Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք այցելուների մուտքի նոր կարգ կգործի

Այսուհետ գործում է «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք քաղաքացիների այցելության նոր կարգ։

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ մուտքը թույլատրվում է շաբաթվա բոլոր օրերին՝ առավելագույնը 3 ժամով, ժամը 10:00-18:00-ն «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից տրված անցագրերով և տեսուչների հսկողության ներքո։

Տարածք միաժամանակ կարող են մուտք գործել ոչ ավել քան 30 անձ։

Արգելոցի և արգելավայրի տարածքում ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է`

  • բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը
  • սահմանված երթուղիներով ճանաչողական զբոսաշրջությունը
  • ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը
  • տարածքի սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը
  • ժամանակավոր ծածկով, ոչ բետոնային հիմքով, մինչև 20 մ2 մակերեսով, առանց սեղանների հանգստի տաղավարների և դիտակետերի տեղադրումը ճանաչողական զբոսաշրջության երթուղիներում, առավելագույնը` 3 հատ
  • կրթադաստիարակչական միջոցառումների անցկացումը
  • Նորաշենի արգելոցի և արգելավայրի գործունեության հետ կապված պաշտոնական այցելությունները:

ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝

  • մուտքը թռչունների ձվադրավայրեր (բացառությամբ գիտական ուսումնասիրությունների)
  • թռչունների ձվերի հավաքը
  • թռչուններին անհանգստացնելը աղմուկով և այլ անհանգստություն առաջացնող գործունեությամբ (ձայնային ազդանշաններ, կրակոցներ և այլն)
  • ճանաչողական զբոսաշրջության համար սահմանված երթուղիներից դուրս գտնվելը
  • տարածքի աղտոտումը կենցաղային, արդյունաբերական և քիմիական թափոններով
  • խարույկ վառելը և այլ հրդեհածին գործունեությունը
  • արգելոցի սահմանային սյուների, տեղեկատվական նշանների, ցանկապատների և ցուցանակների վնասումը:

Արգելոցի և արգելավայրի ջրային տարածքում ԱՐԳԵԼՎՈՒՄ Է`

  • ջրային ռեսուրսների օգտագործումը` ջրային համակարգերի միջոցով և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն
  • ձկնորսությունը, որսորդությունը, խեցգետնի և ջրային այլ կենդանիների որսը
  • ժիչավոր ջրային տրանսպորտային միջոցների մուտքը արգելոցի ջրային տարածք` ափից մինչև 300 մ հեռավորությամբ, բացառությամբ արգելոցի կամ արգելավայրի պահպանության համար անհրաժեշտ դեպքերի
  • . ջրային տարածքի աղտոտումը։

ՀՀ քաղաքացիների համար յուրաքանչյուր այցելուի մուտքը սահմանել 1500 ՀՀ դրամ, իսկ օտարերկրյա քաղաքացիների համար՝ 3000 ՀՀ դրամ:

«Գումարը կարող եք վճարել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հաշվեհամարին՝ 900018002890 կամ վճարել անցակետում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակցին և ստանալ ՀԴՄ կտրոն:

Այցելությունների արդյունքում գոյացած գումարներն ուղղվելու են արգելոցի և արգելավայրի պահպանությանը»,-նշում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

 

Տեսանյութեր

Լրահոս