Բաժիններ՝

Ո՞վ է ղեկավարում մարդուն

Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով և նմանությամբ. «Եվ Աստված ըստ իր պատկերի ստեղծեց մարդուն։ Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան։ Արու և էգ ստեղծեց նրանց» (Ծննդ․ 1 :27), նրան պարգևեց հոգի, շունչ և մարմին. «Եվ խաղաղության Աստված ինքը թող մաքրի ձեզ ամբողջապես, և ձեր ամբողջ էությունը՝ հոգին, շունչը և մարմինն անարատ պահի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը» (Ա Թեսաղ․ 5: 23): Մարդու միտքը նրա մարմնի մի մասն է և մեծ դեր ունի կյանքում: Մարդը բանական արարած է, նա մտածում, ընկալում, ծրագրում, վերլուծում, դիտում, եզրակացնում է և այլն, բայց միևնույն ժամանակ նա մեղավոր է և Աստծու ողորմության կարիքն ունի:

Ճիշտ է, որ մարդը բանական արարած է, սակայն սա չի բացառում այն ​​հարցը, թե որքանո՞վ նա բանական է։ Արդյո՞ք մարդը ենթարկվում է բազմաթիվ ազդեցությունների, որոնք երբեմն առաջնորդում են նրան բանականությամբ չվարվել այնպես, ինչպես պետք է։ Օրինակ.

Ավանդույթներ: Աշխարհում գոյություն ունեն տարբեր տեսակի ավանդույթներ՝ կապված եկեղեցու, պետության, ժողովրդի, համայնքի, անհատի, հաստատության և այլն: Ավանդույթներ կան, որոնք ստիպում են մարդուն որոշակի վարքագիծ դրսևորել, նույնիսկ եթե այդ ավանդույթները հակասում են տրամաբանությանը և արդարությանը, օրինակ՝ փոքր աղջկան մեծից առաջ չամուսնացնելը, նույնիսկ եթե նա ավելի գեղեցիկ է։ Ահա թե ինչ արեց Լաբանը Հակոբի հետ (Ծննդ․ 29:22-27): Բազմաթիվ մարդիկ աշխարհի չորս ծագերում մեծ գումարներ են ծախսում ամուսնության հետ առնչվող խրախճանքների համար, որովհետև ենթարկված են ավանդույթներին, մինչդեռ միտքն այլ բան է խորհուրդ տալիս:

Նյարդեր: Մարդու մարմնում կան հարյուրավոր նյարդեր: Նյարդերը ոչ միայն օրգանական նյութ են, այլև ենթարկված են տարբեր տեսակի ազդեցությունների: Օրինակ, եթե մարդու աշխատանքը տքնաջան ու երկար է, իսկ հանգստի ու քնի ժամերը կարճ են, ապա նա ի վերջո կարող է հասնել նյարդային վիճակի։ Նյարդերը առաջնորդում են նրան՝ դառնում է դյուրագրգիռ և զայրացած նույնիսկ կյանքի ամենապարզ հարցերում: Նա մտածում է զգացմունքներից դրդված, ինչպես այն մարդը, ով երկար աշխատանքից հետո քաղցած վերադառնում է տուն և զայրանում, քանի որ ճաշը պատրաստ չէ: Նա բարկանում է առանց նույնիսկ հարցնելու ճաշի ուշացման պատճառը։

Խորհուրդներ: Մարդը կարող է հասնել մի փուլի, երբ չի կարող ճիշտ որոշում կայացնել, քանի որ այլ մարդու խորհրդի կարիք ունի, մի խորհրդի, որը չի ենթարկվում իր սեփական հոգեբանական ազդեցություններին: Խորհուրդը անհրաժեշտ է մարդուն ուղղելու համար: Ինչպես մի աղջիկ, ով սիրում է իրենից 20 տարով մեծ տղամարդու և ցանկանում է ամուսնանալ նրա հետ, բայց իր ծնողները մերժում են այդ գաղափարը, ուստի նա դիմում է եկեղեցու հոգևոր հորը, որպեսզի լսի նրանից հոգևոր առաջնորդություն և ճիշտ որոշում կայացնի:

Խիղճ: Խիղճը Աստծու ձայնը չէ մարդու մեջ, ինչպես կարծում են ոմանք, քանի որ խիղճը կարող է սխալվել, մինչդեռ Աստված անսխալական է: Խիղճը Աստծու կողմից մարդուն տրված պարգև է, որը մարդուն կանչում է դեպի բարին և հետ է պահում չարից, բայց այն կարող է սխալվել, քանի որ ազդվում է ավանդույթներից, ցանկություններից, գիտելիքներից, միջավայրից և այլն: Աստվածաշունչը խոսում է բարի խղճի մասին. «Պողոսը, հայացքն ուղղելով ատյանին, ասաց. «Եղբայրնե՛ր, ես ամենայն ուղղամտությամբ (բարի խղճմտանքով) եմ ապրել Աստծու առաջ մինչև այսօր» (Գործք 23:1), քանի որ կա նաև ոչ բարի խիղճ, օրինակ՝ աշխատասեր ուսանողը ավարտական ​​քննության ժամանակ հուշում է իր ընկերոջը, որպեսզի հաջողի և չկորցնի մի ամբողջական ուսումնական տարի: Նրա խիղճը շատ հանգիստ է, որովհետև կարծում է՝ բարիք է անում, մինչդեռ կատարված արարքը ինքնին սխալ է։

Զգացմունքներ: Շատ մարդիկ առաջնորդվում են իրենց զգացմունքներով՝ սիրով և ատելությամբ, զոհաբերությամբ և անտարբերությամբ: Միայն զգացմունքները բավարար չեն, դրանք պետք է խառնվեն բանականության ու իմաստության հետ։ Հեզաբել թագուհին, զգացմունքով մղված, մտածեց մի միջոցով հանգստացնի իր ամուսնուն՝ Իսրայելի թագավոր Աքաաբին, և հնարավորություն տա նրան տիրել Հեզրայելացի Նաբոթի արտին (Գ Թագ․ 21), սակայն ի վերջո նրա զգացմունքը դարձավ իր և իր ամուսնու կործանման պատճառը (Գ Թագ․ 22), (Դ Թագ․ 9):

Կասկած: Կա մարդ, ով կասկածում է Աստծու գոյությունը կամ Նրա երևումներին, նույնիսկ եթե դրանք վկայված լինեն վստահելի վկաների կողմից, ինչպես եղավ սուրբ Թովմաս առաքյալի հետ, որը կասկածում էր, թե աշակերտները տեսել են Տիրոջը. «Մյուս աշակերտները նրան ասացին. «Տիրոջը տեսանք»։ Իսկ նա նրանց ասաց. «Մինչև չտեսնեմ նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա» (Հովհ․ 20:25): Մարդ կա, ով կասկածում է դժվար իրավիճակներում գործելու իր կարողությանը, կասկածում է մարդկանց ու նրանց վարքագծին, նույնիսկ եթե նրանք իր ամենամոտ մարդիկ են, կասկածում է իրադարձություններին, կասկածում է ապագային։ Այս կասկածը հոգնեցնում է նրան և կարող է վախ, տագնապ ու քնի պակաս առաջացնել, սակայն նա չի կարողանում դուրս գալ այդ կասկածի շրջանակից և հետևաբար, կասկածը նրան առաջնորդում է:

Լուրեր կամ ասեկոսեներ: Կա մարդ, որը առաջնորդվում է լուրերով կամ ասեկոսեներով, քանի որ դրանք մեծ ազդեցություն ունեն իր վրա ամեն օր: Ժամանակի ընթացքում կարող է պարզվել, որ այդ լուրերն ու ասեկոսեները եղել են սխալ, սակայն դրանք արդեն թողել են բացասական մեծ ազդեցություն նրա վրա:

Ընտանեկան ազդեցություններ: Կան բազմաթիվ ընտանեկան ազդեցություններ, որոնք կարող են ժամանակի ընթացքում ազդել մարդու վրա և դրդել նրան սխալ գործելու, օրինակ՝ կինը կարող է ազդել ամուսնու վրա, որպեսզի նա վատ վերաբերվի իր առաջին կնոջ որդուն:

Սոցիալական ազդեցություններ: Կան բազմաթիվ սոցիալական ազդեցություններ, որոնք կարող են ազդել մարդու վրա և առաջնորդել նրան, օրինակ՝ ցույցի մասնակցող ուսանողը կրկնում յուրաքանչյուր խոսք, որ ասում է ցույցի ղեկավարը: Եթե ​​նրան ձերբակալեն, բանտ գցեն և մնա մենակ, ապա այդ ժամանակ կսկսի այլ կերպ մտածել, կարող է նույնիսկ ինքնաքննադատության հասնել։

Աղանդներ: Կա մարդ, ով կարող է աղանդների ազդեցության տակ հայտնվել: Օրինակ, մի երիտասարդ, ով որոշ ժամանակ շփվում է մի խումբ բողոքական երիտասարդների հետ որևէ համաժողովում, աստիճանաբար սկսում է ընդունել բողոքական գաղափարներ, սկսում է մերժել Եկեղեցու յոթ սուրբ խորհուրդները, սրբերի բարեխոսությունը, սուրբ հայրերի գրականությունը, խունկի և մոմի գործածությունը և այլն:

Հոգեբանական տեսակ: Մարդու հոգեբանական տեսակը կարող է ազդել նրա վրա և առաջնորդել նրան: Օրինակ՝ մի բառը կարող է բացասական ձևով ազդել հոգեպես զգայուն մարդու վրա, ուստի նա սկսում է պատկերացնել, որ այդ բառը դժվար և վտանգավոր է, մինչդեռ ճշմարտություն փնտրող անձը տեսնում է այլ տեսանկյունից:

Սովորություններ: Կա մարդ, որի վրա սովորությունները ազդում են՝ լինեն դրանք լավ թե վատ: Օրինակ՝ մարդիկ լավ գիտեն, որ հեռախոսով սոցիալական կայքեր դիտելը խավար սենյակում շատ վնասակար է աչքերի համար, բայց ոմանք դա անում են ամեն գիշեր քնելուց առաջ:

Վախ: Կա մարդ, որի վրա մեծ ազդեցություն է գործում վախը՝ անկախ նրա աստիճանից, քանի որ վախը կաթվածահար է անում նրա միտքը: Մեր նախահայրը՝ Ադամը, վախեցավ և Աստծուց թաքնվեց ծառի հետևում. «Երեկոյան Ադամն ու իր կինը լսեցին Տիրոջ՝ Աստծու՝ դրախտում քայլելու ձայնը և թաքնվեցին Աստծուց դրախտի ծառերի մեջ։ Տերը՝ Աստված, կանչեց Ադամին ու ասաց նրան. «Որտե՞ղ ես»։ Նա պատասխանեց. «Լսեցի դրախտում քո ձայնը և վախեցա, քանի որ մերկ էի, և թաքնվեցի» (Ծննդ․ 3: 8-10):

Ցանկություն: Ցանկությունը լինում է մարմնական, վրեժխնդրական, դրամական, փառատենչ և այլն: Օրինակ՝ մենք տեսնում ենք, թե ինչպես վրեժխնդրական ցանկությամբ մղված անձի միտքը գիշեր-ցերեկ մտածում է, թե երբ և ինչպես վրեժը լուծի։ Նա ընդհանրապես չի մտածում վրեժի բացասական հետևանքների մասին, թե կա պետություն և օրենքներ, թե վերջում պիտի բանտարկվի և մի շրջան անցկացնի բանտում, նույնիսկ չի մտածում Աստվածաշնչի մեջ հիշված Աստծու պատվիրանների և մեր կյանքում դրանց գործադրության անհրաժեշտության մասին:

Որոշակի սկզբունք: Կա մարդ, ով առաջնորդվում է որոշակի սկզբունքով, որին հավատում է: Այդ սկզբունքը ներդրված է նրա մտքում՝ ճիշտ լինի այն թե սխալ: Այն կազմում է նրա կյանքի հիմնական կառուցվածքը։ Օրինակ՝ մի մարդ ունի «չամուսնանալու» սկզբունք, քանի որ համաձայն է այն սխալ ասացվածքի հետ, թե՝ «Մարդն ամուսնանում է, եթե կորցնում է գիտակցությունը» (Ջոնսոն)։

Գևորգ սրկ. Նալբանդյան

Աստվածաբանական գիտությունների դոկտոր

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս