«Մեր սահմանը փոխվել է, չի բացառվում՝ այլ վայրերում ևս հնչեն կրակոցներ». Արման Սարգսյան
Այսօր խորհրդարանում լրագրողները հարց ուղղեցին Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին՝ հետաքրքրվելով՝ սահմանին թշնամին կրակում է, հայկական կողմն ունենում է զոհեր, Հայաստանն այսպե՞ս է գնում խաղաղության, հայկական կողմը պետք է անընդհատ զոհի կարգավիճակում լինի՞։
Ի պատասխան՝ Արման Սարգսյանն ասաց.
«Մենք անընդհատ զոհի կարգավիճակում չենք»։
Պաշտպանության փոխնախարարը լրագրողներին հորդորեց այլ հարցեր չտալ՝ նշելով, որ այսօր ոչինչ չի խոսելու։
«Ես մշտապես խոսում եմ, կխնդրեմ ուշադիր լինել։ Ժողովուրդ, ես չեմ խոսելու։ Ոչ միայն այսօրվա, այլև առհասարակ բոլոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն ստացեք պաշտոնական լրահոսից, այլ ոչ թե փոխնախարարից»,- հավելեց նա։
Հարցին՝ թշնամին ե՞րբ է դուրս շպրտվելու ՀՀ սուվերեն տարածքից, Արման Սարգսյանը չպատասխանեց։
Ինչ վերաբերում է Վայոց Ձորի ուղղությամբ թշնամու կրակոցներին, Արման Սարգսյանը նկատեց.
«Մեր սահմանը փոխվել է, հաշվի առեք, որ ամբողջ սահմանային բնագիծը փոփոխության է ենթարկվել, չի բացառվում՝ այլ վայրերում ևս հնչեն կրակոցներ կամ հնչել են կրակոցներ։ Շաբաթներ են եղել, որ ամեն օր է կրակոցներ հնչել»։
Հիշեցնենք, որ այսօր Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել և տեղեկացրել, որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում՝ նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։