Բաժիններ՝

Դպրոցների ավարտական վկայականներն այս տարի տրվում են բացառապես էլեկտրոնային տարբերակով

Հայաստանում դպրոցների ավարտական վկայականներն այս տարի տրվում են բացառապես էլեկտրոնային տարբերակով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց, որ կա ռազմավարական ծրագիր կրթության ոլորտը թվայնացնելու համար և ավարտական վկայականներն էլեկտրոնային տարբերակով տրամադրելն այդ ծրագրի մի մասն է: Նպատակը փաստաթղթաշրջանառությունն ավելի դյուրին, հաշվետվողականության մակարդակն էլ ավելի բարձր դարձնելն է:

«Գործընթացը բարեհաջող իրականացրել ենք: Համակարգը բաց է, աշխատում է և արդեն իսկ էլեկտրոնային տարբերակով տրամադրում են ավարտական վկայականներ, ատեստատներ: Համակարգը դպրոցների համար բացվել է հուլիսի 6-ին, և այսօրվա տվյալներով արդեն 25 հազար վկայական ու ատեստատ է ստորագրվել: Այս տարի մենք ունենք 55 հազար շրջանավարտ (խմբ.-խոսքը 9-րդ և 12-րդ դասարանցիների մասին է), ինչպես տեսնում եք գրեթե կեսի ավարտական փաստաթղթերը տրամադրվել են էլեկտրոնային տարբերակով»,-ասաց Արտակ Պողոսյանը:

Դպրոցի տնօրենը աշակերտներին կտրամադրի 16 նիշանոց համար, որից հետո քաղաքացին կարող է մուտքագրել https://www.e-verify.am/ կայքում ու ներբեռնել, ցանկության դեպքում տպել և թղթային տարբերակով ունենալ: Ավարտական վկայականի թղթային տարբերակ այլևս չի լինելու: Թղթային տարբերակով կարգավորումը կգործի միայն մինչ այս պահը տրված ատեստատների կորստի դեպքում:

Էլեկտրոնային տարբերակով ատեստատների տրամադրումը կօգնի քաշքշուկի մեջ չընկնել դրա կորստի դեպքում, ինչպես նաև խուսափել կեղծիքներից: Եթե նույնիսկ ատեստատը տպելուց հետո փորձ կարվի կեղծել, այսինքն՝ փաստաթղթում որոշ բաներ փոխել, միևնույն է դրա վրա կա QR կոդ, որը ցույց կտա, թե այն ում է պատկանում:

«Այս գործընթացը շահեկան է նաև ֆինանսական տեսանկյունից: Ամեն տարի մի քանի տասնյակ միլիոն դրամ է ծախսվում դպրոցների վկայականների ու ատեստավորման տպագրման վրա: Այժմ տպագրության, ատեստատը բաշխելու, ձեռքով լրացնելու, հերթ կանգնելու խնդիր չկա: Այսինքն՝ այս քայլով կոռուպցիոն ռիսկերն են նվազում, վարչարարությունն է պարզեցվում, ֆինանսական ծախսերն են կրճատվում»,-հավելեց Արտակ Պողոսյանը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խնդիր է դրել շարունակել թվայնացման գործընթացը: Արտակ Պողոսյանը նշեց, որ առաջիկա տարիներին հասնելու են նրան, որ միջին մասնագիտական կրթական հաստատությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական վկայականները ևս տրվեն էլեկտրոնային տարբերակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս