Բաժիններ՝

«Ասում եմ՝ չկա նախագիծ, որտեղի՞ց տեսնեմ. Էսքիզ է, իսկ Քրիստոսի վերաբերյալ բոլոր էսքիզներն էլ իրար նման են». Վահրամ Դումանյան

«Մուլտի գրուպ» ընկերությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ. Համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են  կառավարություն: Այս մասին հուլիսի 7-ին կառավարության նիստում նշել էր Նիկոլ Փաշինյանը:

Այսօր, սակայն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ պահանջելով դադարեցնել Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում ցանկացած գործունեություն, որը հակասում է օրենսդրությանը։

«2022 թ. փետրվարի 28-ին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից ստացված՝ «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրմանը վերաբերող գրությանն ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարությունը մարտի 17-ի գրությամբ հիմնադրամին տեղեկացրել է, որ «… նախատեսվող մոնումենտալ քանդակ-համալիրի տեղադիրքը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի դրույթները և բացառել պատմության և մշակույթի հուշարձանների կամ դրանց պահպանական գոտիների տարածքներում այն տեղադրելուց»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այս հաղորդագրությանը հաջորդեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հայտարարությունը, որում ասված էր․ «Հաշվի առնելով Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգությունները՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը դիմել է պատկան մարմիններին՝ ստանալու համապատասխան մասնագիտական եզրակացություններն ու թույլտվությունները շինարարական աշխատանքները սկսելու համար: Այժմ իրականացվում են բացառապես ենթակառուցվածքների՝ ճանապարհների, էլեկտրականության, գազի, ջրի մատակարարումն ապահովելու ուղղությամբ տարվող որոշակի
աշխատանքներ, իսկ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը մեկնարկելու է պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո միայն»:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցում նշեց, որ խոսակցություն եղել է գաղափարի, ոչ տեղադրման մասին:

Դիտարկմանը՝ փաստ է, արդեն աշխատանքները սկսվել են, նախարարը հակադարձեց.

«Այս պահին դեռևս նախագիծ չկա: Մենք հայտարարություն տարածել ենք, այնտեղ հստակ գրված է կարգը, և հուսով ենք, կարգին համաձայն կլինի: Իսկ եթե չդադարեցնեն..․ ինչպես օրենքը պահանջում է՝ համապատասխան դիմումներ կգրվեն, ու պատկան մարմինները կզբաղվեն»,- շեշտեց նա:

Հարցին՝ որպես քաղաքացի՝ ինչպե՞ս է վերաբերվում այս արձանի գաղափարին:

«Որպես քաղաքացի՝ ոչ հիմքեր ունեմ ասելու, որ դա խիստ պահանջված է ու օր առաջ պետք է լինի, մենք մեզ ավելի լավ կզգանք, ոչ էլ հիմքեր ունեմ հերքելու, որ դա անթույլատրելի է, որ դա վատն է»,- նշեց նախարարը:

Ճշտող հարցին՝ նախագիծը տեսե՞լ եք երևի, ԿԳՄՍ նախարարը պատասխանեց. «Ասում եմ՝ չկա նախագիծ, որտեղի՞ց տեսնեմ: Էսքիզ է, իսկ Քրիստոսի վերաբերյալ բոլոր էսքիզներն էլ իրար նման են: Հիմա, եթե նկատի ունեք արձանի բարձրությունը, ճարտարապետ չեմ, չեմ կարող կարծիք հայտնել»:

Վահրամ Դումանյանն անդրադարձավ նաև նախարարության ֆեյսբուքյան էջում տեղադրված տեքստին, որտեղ հրապարակումից հետո որոշ բաներ էին փոփոխվել: Հիշեցնենք՝ հուլիսի 10-ի երեկոյան Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում էր տարածել Հատիս լեռան գագաթին «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրման և տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ։

Նախարարությունը նշել էր, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը որևէ նախագիծ կամ ծրագիր չի ներկայացրել, իսկ Հատիս լեռան՝ որպես տեղադիրքի ընտրության վայր տեղեկատվությունը ստացվել է լրատվամիջոցներից:

Այսօր՝ հուլիսի 11-ի առավոտյան նախարարությունը պարզաբանման նոր տեքստ է տարածել՝ հանելով այն հատվածը, որ տեղադիրքի ընտրության վայրի մասին տեղեկատվությունը ստացել է լրատվամիջոցներից:

«Տեխնիկական որոշակի խնդիր է եղել: Շատ ափսոսում ենք, որ երեկվա տարբերակը մեր ստորաբաժանման համապատասխան աշխատակցի ֆեյսբուքյան գործիքակազմին լավ չտիրապետելու հետևանքով է: Այնտեղ ավելորդ տեխնիկական ինֆորմացիա կար: Որպես լրագրող՝ կարող եք դիմել մեր մամուլի կենտրոնին՝ ասելով, որ տան տեղեկություն, թե երբ են նամակ գրել, ինչ եք պատասխանել: Այ, այդ ինֆորմացիան, որ ավելորդ ծանրաբեռնել է տեքստը, ուղղակի դուրս է հանվել տեքստից: Ինչ վերաբերում է նրան, որ իմացել են լրատվամիջոցներից..․ եթե վարչապետը Կառավարության նիստում խոսում է Հատիսի մասին, ասում է, որ մեր դիրքորոշումը դրական է, հետագա ընթացք պետք է լինի՝ գործող կարգին, օրենսդրությանը համապատասխան: Ի՞նչ եք կարծում, Կառավարության նիստին, երբ նման բան է ասվել, այն լրատվամիջո՞ց է»,- պարզաբանեց նախարարը:

Վահրամ Դումանյանը ասաց՝ գաղափար է, իսկ ինչ վերաբերում է «պետք է տեղադրվի»-ին, խնդրում ենք՝ ներկայացրեք հիմքերը:

«Մեզ հայտնի է, որ գաղափարն է այդպիսին, դուք վերջնագրով եք խոսում: Ասում եք՝ «պիտի տեղադրվի»: Այդ պիտին կլինի այն ժամանակ, երբ սահմանված կարգով կլինի հաստատված նախագիծ: Այս պահին այդ հաստատված նախագիծը դեռևս չկա»:

Հարցին՝ անձամբ հանդիպե՞լ է Գագիկ Ծառուկյանին, քննարկել նախագիծը, ԿԳՄՍ նախարարը պատասխանեց. «Ոչ»:

Իսկ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությունը, թե՝ «Իրոք, շռնդալից, գուցե ամենամեծ մասշտաբի զբոսաշրջային նախագիծն է Հայաստանում», արդյո՞ք կիսում է այս կարծիքը, Վահրամ Դումանյանը հորդորեց, եթե հարցեր ունեն, կարող են տալ պարոն Քերոբյանին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս