Բաժիններ՝

Արդյո՞ք ես գինեմոլ եմ

Գինեմոլություն

Գինեմոլություն բառը, ըստ Մալխասյանցի հայերեն բացատրական բառարանի, նշանակում է գինեմոլ լինել, գինեմոլի հատկություն ունենալ: Ճիշտ է, որ գինեմոլություն ասելով՝ հասկանում ենք գինուն մոլի դարձած անձի վիճակ, սակայն ընդարձակ  իմաստով հասկանում ենք ալկոհոլային խմիչքների բոլոր տեսակների մոլությունը, լինեն դրանք օղի, վիսկի, շամպայն, գարեջուր, կոնյակ, ջին թե այլ:

Գինեմոլության պատճառները

Գինեմոլությունը ունի բազմաթիվ պատճառներ, որոնցից են.

1. Ֆիզիոլոգիական պատճառ: Կան ուսումնասիրություններ, որոնք հաստատում են այն տեսակետը, որ գինեմոլությունն ունի ֆիզիոլոգիական պատճառ, այսինքն՝ որոշ մարդիկ ունեն բնական բնազդային մղում ալկոհոլամոլության հանդեպ:

2. Ծնողներ: Ծնողների վարքը մեծամասամբ ազդում է զավակների վարքի վրա: Անչափ ալկոհոլային խմիչքներ օգտագործող ծնողների զավակները մեծամասամբ նրանց նման հարբեցող պիտի լինեն ապագայում, նաև ծնողների թույլ կամ խիստ վերաբերմունքը իրենց զավակների նկատմամբ կարող է պատճառ դառնալ վերջիններիս կողմից ալկոհոլի սխալ գործածության:

3. Մտածելակերպ: Օրինակ՝ կան մարդիկ, որոնք ամաչում են մեկ կամ երկու գավաթ գինի խմել իրենց որոշ բարեկամների մոտ, այդ պատճառով փորձում են իրենց մարմինը վարժեցնել մեծ քանակությամբ ալկոհոլ ընդունելուն: Նրանք սկսում են ամեն օր խմել գինի կամ ալկոհոլային այլ խմիչք և աստիճանաբար մեծացնում են չափաբաժինը: Ժամանակի ընթացքում այս մարդիկ համալրում են հարբեցողների շարքերը:

4. Միջավայր: Մարդը ընկերային էակ է, և նրա վրա ազդում է այն միջավայրը, որտեղ ապրում է: Այն մանուկը, որը ծնվում և ապրում է մի միջավայրում, որտեղ մարդկանց մեծամասնությունը հարբեցող է, մեծանալով՝ հարբեցող դառնալու մեծ հավանականություն ունի:

5. Դեպքեր: Կան որոշ իրադարձություններ, որոնք մեծապես ազդում են մարդկանց վրա, և նրանք փորձում են մոռանալ այդ ցավալի դեպքերը տարբեր միջոցներով, որոնցից մեկն էլ ալկոհոլային խմիչքների ամենօրյա առատ գործածությունն է:

Կան նաև այլ պատճառներ, օրինակ առանձնությունը, ընկճվածությունը, ջղայնությունը, ընտանեկան և ընկերային անհասկացողությունը, աղքատությունը, սոցիալական և հոգեբանական խնդիրները, սառը կլիման, գովազդը, վատ բարեկամները և այլն:

Գինեմոլությունը Աստվածաշնչական մոտեցումով

Աստվածաշունչը, որ Աստծու շնչով գրված գիրք է. «Աստծու շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար» (Բ Տիմ․ 3:16), չի ասում, թե մարդը պետք է գինուց հրաժարվի իր ամբողջ կյանքում: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իր երկրավոր կյանքի ընթացքում գինի խմեց տարբեր առիթներով, օրինակ՝ «Հրեական զատկի» ժամանակ: Նոր Կտակարանը մեզ հիշեցնում է նաև, որ Քրիստոս Իր առաջին հրաշքը կատարեց Կանայի հարսանիքի ժամանակ, երբ քարե վեց թակույկների ջուրը վերածեց գինու:

Այո, Աստվածաշնչի մեջ կան որոշ համարներ, որոնց մեջ տեսնում ենք գինի չխմելու պատվիրանը, սակայն երբ ուշի-ուշով նայենք այդ համարների բառերին, կտեսնենք   դրանց մեջ եթե, երբ բառերը, այլ խոսքով՝ գինի չխմելը ունի նախապայմաններ, օրինակ՝ «Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. «Եթե մի տղամարդ կամ մի կին ուխտի իրեն նվիրել Տիրոջը, պետք է հրաժարվի գինուց և ցքիից, գինու քացախ կամ ցքիի քացախ չպետք է խմի, և խաղողից պատրաստված որևէ բան չպետք է խմի, թարմ խաղող և չամիչ չպետք է ուտի» (Թվեր 6:1-3), «Տերն ասաց Ահարոնին. «Դու և քեզ հետ քո որդիները, երբ մտնելու լինեք Վկայության խորանը կամ երբ մոտենալու լինեք զոհասեղանին, գինի և ցքի չխմեք, որպեսզի չմեռնեք։ Դա հավիտենական օրենք թող լինի սերնդեսերունդ» (Ղևտ․ 10:8-9):

Աստվածաշունչը քննադատում է հարբեցողությունը և ցույց է տալիս դրա բացասական հետևանքները, օրինակ՝ Նոյը հարբեց և մերկացավ․ «Նոյը հողագործ էր և հողը մշակելով՝ խաղողի այգի տնկեց։ Նա խմեց գինուց, հարբեց ու իր տան մեջ մերկացավ» (Ծննդ. 9: 20-21), Ղովտը հարբեց և անգիտակցորեն սխալ արարք գործեց իր երկու աղջիկների հետ (Ծննդ. 19: 30-38):

Գինեմոլությունը պատմական մոտեցումով

Մարդը ալկոհոլային խմիչքներին ծանոթ է մ.թ.ա. 4000 թվականից: Դրա մասին գրություններ կան հին քաղաքակրթություններում՝ շումերների, բաբելոնացիների, քանանացիների, հնդկացիների, հռոմեացիների և հույների մոտ: Գինես (Guinness) գիրքը նշում է, որ կան գինու քիմիական ապացույցներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 6000 – 5800 թվականների: Պատմությունը ցույց է տալիս, որ հազարավոր տարիների ընթացքում  գինեմոլությունը ներթափանցել է տարբեր ազգերի և կրոնների մարդկանց մեջ: Գինեմոլության հետևանքով որոշ ղեկավարներ կատարել են սխալ արարքներ և տեղի են ունեցել աղետներ:

Գինեմոլությունը բժշկական մոտեցումով

Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը (WHO) իր պաշտոնական էջում, 2018 թ.-ի  սեպտեմբերի 21-ի տեղեկանքում նշում է, որ «Ամեն տարի ալկոհոլի վնասակար օգտագործումը սպանում է ավելի քան 3 միլիոն մարդու, որոնց մեծ մասը տղամարդիկ են»: Ճիշտ է, որ ալկոհոլային խմիչքների չափավոր օգտագործումը ունի իր օգտակարությունը, օրինակ՝ մարդը դառնում է ուրախ և ընկերային, լավանում է մարդու տրամադրությունը, բարելավվում է սրտի աշխատանքը: Ալկոհոլը ախորժաբեր է, օգնում է մարսողությանը, տալիս է մտային և ֆիզիկական կարողության վստահություն, սակայն դրա չարաշահումը ունի իր բացասական բազմաթիվ ազդեցությունները մարդու մարմնի անդամների վրա և կարող է պատճառ դառնալ բազմաթիվ նյարդահոգեկան և սոմատիկ հիվանդությունների, օրինակ՝ դեմքի կարմրություն և ջերմություն, ուղեղի բջիջների աշխատանքի դանդաղում, մոռացկոտություն, աչքերի կարմրություն և տեսողական խանգարումներ, բերանի այրվածք, ջերմություն և համի զգացողության կորուստ, սրտի տկարացում, սրտխառնոց, ստամոքսային վերքեր, աղիքային բորբոքում, լյարդի ցիռոզ, սեռական անկարողություն և սերմի տկարացում, մաշկի չորացում, ինչպես նաև հուսահատության զգացում, ջղագրգռություն, անհանգստություն, անբնական զվարթություն և այլն:

Հարբեցողությունը ինքնին հիվանդություն է, և իր ժամանակին Հիպոկրատը ասել է. «Հարբեցողությունը ինքնակամ խելագարություն է»։

Գևորգ սրկ. Նալբանդյան

Աստվածաբանական գիտությունների դոկտոր

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս