Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին Արգենտինայի Անկախության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի ժողովրդին Արգենտինայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ պետք է փաստեմ, որ 30 տարվա ընթացքում Հայաստանի և Արգենտինայի միջև բարեկամական կապերը զարգացել և ամրապնդվել են՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա:

Հայ-արգենտինական համագործակցության սերտացմանը զգալիորեն նպաստում է նաև տեղի հայ համայնքը, որն ամենախոշոր համայնքներից մեկն է Լատինական Ամերիկայում:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ընդլայնել միջպետական հարաբերությունները՝ երկկողմ օրակարգը համալրելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և ապագային միտված նոր ծրագրերով:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Արգենտինայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»:

Տեսանյութեր

Լրահոս