Ներքին գործերի նախարարության ստեղծումը բովանդակային առումով ոչինչ չի փոխի, Ոստիկանությունն էլի մնալու է վարչապետի անմիջական ենթակայության տակ. Գագիկ Համբարձումյան

Հուլիսի 12-ին ԱԺ–ում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ` «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարևորությունը» թեմայով: ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ հիմնական զեկույցով հանդես կգան ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Կառավարությունը դեռ 2020 թվականին ընդունել էր «Ոստիկանության բարեփոխումների» ռազմավարությունը, որը, ի թիվս այլ բարեփոխումների, նախատեսում էր նաև որոշ կառուցվածքային փոփոխություններ։ Մասնավորապես, ռազմավարությամբ առաջարկվում է նորից ստեղծել Ներքին գործերի նախարարություն:

Ստեղծվելիք Ներքին գործերի նախարարության կազմի մեջ են մտնելու Միգրացիոն ծառայությունը, ՀՀ Ոստիկանությունը և Ոստիկանության ակադեմիան։ Նախարարությունում սահմանվելու է քաղաքացիական ծառայություն։

ՆԳ նախարարը նշանակվելու է ՀՀ վարչապետի առաջարկով՝ ՀՀ նախագահի կողմից, Ոստիկանապետ նշանակվելու է ՆԳ նախարարի առաջարկով՝ վարչապետի կողմից։ Նախարարությունը, փաստորեն, դառնալու է ոլորտի քաղաքականություն մշակող մարմին, իսկ իր կազմի մեջ մտնող գերատեսչությունները արդեն՝ այդ քաղաքականությունն իրականացնող մարմիններ։

Հիշեցնենք, որ 2008թ․ ՆԳՆ-ն վերակազմավորվեց որպես ՀՀ Ոստիկանություն։

Ինչո՞ւ է առաջացել ՆԳՆ կրկին վերականգնելու անհրաժեշտությունը, ի՞նչ գործառույթներ պիտի իրականացնի նախարարությունը, որ չի կարող իրականացնել Ոստիկանությունը, և ի՞նչ նպատակ է հետապնդում այս «բարեփոխումն» իրականում:

«Ներքին գործերի նախարարության ստեղծումն իրենից ոչ մի էական բան չի ներկայացնում: Այս իշխանության քայլերը պետք է մեկնաբանել ոչ թե իրավական հիմքերով ու տրամաբանության շրջանակում, այլ ստորության կանխավարկածից ելնելով: Ժամանակին ՆԳՆ-ն Ոստիկանություն դարձնելու համար այլ մոտիվներ ու այլ պատճառներ կային»,- 168.am-ի հետ զրույցում նշեց նախկին փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը:

Նախկին փոխոստիկանապետը վստահ է, որ սա ձևական փոփոխություն է, քանի որ ՆԳՆ մեջ անպայման լինելու է Ոստիկանությունը, ոստիկանապետի գլխին լինելու է նախարար, իսկ դա միայն քողարկելու է ոստիկանապետի անմիջական ենթակայությունը վարչապետին:

«Փաշինյանը չի կարող ձեռքից բաց թողնել իր միակ հենարանը՝ Ոստիկանությունը, հատկապես, որ նախարարը լինելու է քաղաքական պաշտոն: Հիմա էլ մամուլում շրջանառվում է, որ Ոստիկանությունը ղեկավարում է ոչ թե ոստիկանապետը, այլ Փաշինյանի անձնական գվարդիայի ղեկավարը: Նախարարություն ստեղծելուց հետո էլ Ոստիկանությունը ենթարկվելու է Նախարարին, բայց միայն տեսականորեն: Հետևելով այս իշխանության գործողություններին, ցանկացած նախաձեռնության տակ պետք է սպասել հերթական ստորությունը»,- նշեց Գագիկ Համբարձումյանը:

Հարցին, թե իշխանափոխությունից հետո օպտիմալացման անվան տակ մի շարք նախարարություններ փակելուց հետո, ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել ստեղծելու նոր ուժային նախարարություն՝ բնականաբար, տարբեր բաժիններով, մեծ թվով աշխատակիցներով ու աշխատավարձերով, Գագիկ Համբարձումյանը պատասխանեց.

«Այս իշխանության ինչի՞ն էր պետք ունենալ մշակույթի նախարարություն, սփյուռքի նախարարություն, երբ սփյուռքի դերը գնալով ավելի էր մեծանում, սրանց պետք չէին ազգային արժեքները, ավանդույթները, կրոնից մինչև կրթական ու մշակութային արժեքներ:

Եթե Ոստիկանությունն արդեն վերածված է հլու-հնազանդ կամակատարի, կատարում է ցանկացած ապօրինի հրաման, ղեկավարի հիվանդ երևակայությունից առաջ եկող հրահանգներ, ապա այդ փոփոխությունից լավը սպասել պետք չէ, իսկ ավելի վատ էլ չի լինում: Սա ընդամենը պետական կառուցվածքի բարեփոխման ձևական քայլ է ու նաև իրենց ծանոթներին ու համախոհներին պաշտոններով ապահովելու ծրագիր:

Ինչպես Սահմանադրական դատարանը ձևեցին, կարեցին ու լցրին անգրագետներով, նույն կերպ էլ ուժային կառույցները կանեն: Ի վերջո, Ոստիկանությունը, ԱԱԾ-ն վարչապետի նոմենկլատուրան են: Հիմա եթե վարչապետը պիտի նշանակի Ներքին գործերի նախարարին, նախարարն էլ՝ ոստիկանապետին, բովանդակային առումով սրանից բան չի փոխվում: Իրավապահ կառույցներն էլի մնում են վարչապետի տրամադրության տակ: Նա ատամներով կպահի այդ կառույցներն իր անձնական հսկողության տակ, քանի որ դրանք իր միակ հենարանն են»։

Աննա Դեմիրճյան

Տեսանյութեր

Լրահոս