«Կոնկրետ մեր տերիտորիայում որևէ բան չենք տեսել, տեսանելի չէ, ամեն ինչ խախանդ է». Իշխանասարի գյուղապետ
Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի հրամանով և Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ձեռամբ թշնամուն հանձնվեցին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը։
Որոշ ժամանակ անց՝ 2021 թվականի մայիսի 12-ին, թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր կրկին առաջ եկավ Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում։ Մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և ամրացնում են դիրքերը։
Գեղարքունիքից և Սյունիքից բազմիցս ահազանգել են, որ թշնամին սկսել է դիրքերում հսկայածավալ ամրաշինական աշխատանքներ կատարել, սակայն պատկան մարմիները որևէ կերպ այդ ամենին չեն արձագանքել։
Այսօր էլ տարբեր հրապարակումներ եղան, որ թշնամին ամրաշինական աշխատանքներ է կատարում Իշխանասարի հատվածում, որտեղ առաջ էր եկել մայիսի 12-ին։
168.am–ի հետ զրույցում Իշխանասար գյուղի ղեկավար Մարատ Պետրոսյանն ասաց, որ որևէ աշխատանք չեն տեսել։
«Կոնկրետ մեր տերիտորիայում որևէ բան չենք տեսել, տեսանելի չէ, ամեն ինչ խախանդ է։ Բնակիչներն այս պահին բարձրացել են գյուղից շատ վերև, խոտն են հնձում, բան չեն տեսել, հանգիստ իրենց գործն են անում»,- նշեց Իշխանասարի ղեկավարը։
Նա նշեց, որ իրավիճակին տեղեկանալու համար գրեթե ամեն օր բարձրանում է սարերը, քանի որ գյուղի ամբողջ բնակչությունն այս պահին սարերում աշխատում է։
«Կրակոցներ չկան, հանգիստ է վիճակը։ Հեռախոսով չեմ կարող ասել՝ մեր զինուժի ներկայությո՞ւնն է թշնամուն զսպում, թե՞ այլ հանգամանք կա, նման բաներ չքննարկենք հեռախոսով»,- եզրափակեց Իշխանասարի գյուղապետը։