«Հրապարակ» օրաթերթը հաղթել է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին»․oragir. news
«Հրապարակ» օրաթերթը դատարանում հաղթել է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին», որի գործունեությունը հայաստանյան մի շարք լրատվամիջոցներին ահռելի վնաս էր հասցրել։ Այս մասին գրում է oragir.news-ը։
Մասնավորապես «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին» պատկանող media.am կայքը, որի գլխավոր խմբագիրը Գեղամ Վարդանյանն է, համագործակցելով վրացական factcheck.ge կայքի հետ, հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների, այդ թվում՝ «Հրապարակի» նյութերն ու հրապարակումները կամայականորեն որակում էր «կեղծ» կամ «դավադրության տեսություն», ինչից հետո դիմում էր «Ֆեյսբուքին», որն էլ արգելափակում էր ԶԼՄ-ների ֆեյսբուքյան էջերը, իջեցնում դրանց հասանելիությունը։
Այլ կերպ ասած՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» դատավորի դեր էր ստանձնել և ընտրողաբար փորձում էր ոչնչացնել այն լրատվամիջոցները, որոնք հանդես են գալիս օրվա իշխանությունների գործունեության նկատմամբ քննադատություններով։
«Հրապարակը» դիմել էր դատարան՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակային հերքելուն պարտավորեցնելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարելու պահանջով։ Դատարանը՝ դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ, բավարարել է «Հրապարակ» օրաթերթի հայցը՝ հերքման պահանջի վերաբերյալ ու նաև վճռել․ ««Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ից հօգուտ «Հրապարակ օրաթերթ»-ի բռնագանձել 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ որպես հայցվոր «Հրապարակ» օրաթերթի պատվին, արժանապատվությանը և բարի համբավին գրպարտությամբ պատճառված վնասի համար դրամական փոխհատուցում։
«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ից հօգուտ «Հրապարակ օրաթերթ»-ի բռնագանձել 44.000 (քառասունչորս հազար) ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար»։