ՀՀ-ում խորհրդարանական կառավարման համակարգի հիմնական խոչընդոտը երկիրը զավթած իշխանությունն է. Աննա Մկրտչյան

«Այն, ինչ ունենք այսօր, ուղղակի հետևանքն է նրա, ինչ տեղի ունեցավ  2018թ.: 2018-ին ինչ-որ մեկը հայտարարեց, որ Հայաստանում կա՛մ ինքը կլինի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա: Սա ի՞նչ է, եթե ոչ բռնություն՝ ուղղված պետաիրավական կարգին, ՀՀ սահմանադրական հիմունքներին: ՀՀ իրավական դաշտը կարգավորում է, թե ով պետք է լինի վարչապետ, ինչպես պիտի ընտրվի, ինչպես պիտի ձևավորվի խորհրդարանական մեծամասնությունը: Էս մարդը որոշել էր, որ ինքն է միակ վարչապետը էս երկրի, ավելին, իր գործողություններն ուղղորդելով դեպի ԱԺ շենք, շրջափակելով այն, ներազդեց ՀՀ այդ ժամանակվա խորհրդարանականների վրա՝ պարտադրելով իր կամքը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ՀՀ Սահմանադրությունն ԱԺ պատգամավորի համար խղճով և մտքով առաջնորդվելու պարտավորություն է սահմանում, ինչը, ըստ էության, Նիկոլի պատճառով խախտվեց, որովհետև պատգամավորներին պարտադրվեց քվեարկություն՝ խախտելով խորհրդարանական կառավարման տրամաբանությունը և իրավական կառուցակարգերը»,- «Հայաստանն աղետի մեջ. Սահմանադրականության վախճանը և վերածննդի ուղիները» խորագրով քննարկմանը նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Նրա խոսքով, ՀՀ-ում խորհրդարանական կառավարման համակարգի ոգուն և բնույթին համաձայն՝ գործելու հիմնական խոչընդոտը երկիրը զավթած իշխանությունն է՝ իր ներկայացուցիչներով, որովհետև նրանք ցանկացել են կառուցել ոչ թե խորհրդարանական կառավարման համակարգ, այլ ցանկացել են ունենալ «ուսապարկային» կառավարում: Խորհրդարանը դիտարկել են՝ որպես անդեմ ու անկարծիք մարդկանց հավաքատեղի, որոնք ուրախանում են ամեն ամսվա վերջում իրենց հաշվին նստող պարգևավճարներով, որոնք իշխանության են եկել ոչ թե օրենքի ու իրավունքի, այլ ուժի շնորհիվ:

«Այսօր ԱԺ-ում չկա այն տրամաբանությունը, որը դրված է Սահմանադրության հիմքում: Չկա՛ մեծամասնության ու փոքրամասնության իրավասությունների հավասարակշռում, որովհետև փոքրամասնության համար ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված հնարավորություններն ուղղակի արգելակվում են գործող մեծամասնության կողմից»,- արձանագրեց Աննա Մկրտչյանը:

Անդրադառնալով անկախ պաշտոնյաների ընտրությանն ԱԺ-ում, պատգամավորը նշեց, որ ՔՊ-ի կողմից առաջադրվող պաշտոնյաներն ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպումներ ունենալու խիստ կաշկանդվածություն ունեն: Շատերը խուսափել են հանդիպումներից, շատերն ընդգծված հայտարարել են, որ անհրաժեշտ քվեներն ունեն, կառավարության նիստի ժամանակ պաշտոնյաներ են ներկայացվում ու շնորհավորանք են ստանում, այնինչ նրանց պետք է ընտրեր Ազգային ժողովը:

«Սա խոսում է այն տոտալ անհարգանքի մասին, որն այսօր կա ԱԺ նկատմամբ: Մի քանի ամիսների ընթացքում, ինչ ընդդիմությունը բոյկոտում է ԱԺ նիստերը, մեր հասցեին ուղղված քննադատություններ են հնչում, բայց նաև ուրախացել են էդ փաստից, որովհետև արտահերթ նիստերով են անցկացնում բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր կարող էին ընտրվել սեպտեմբերի հերթական նիստերում: Որտե՞ղ է գրված, որ ՀՀ գլխավոր դատախազը պետք է ընտրվի արտահերթ նիստով, եթե մինչև գործող գլխավոր դատախազի պաշտոնավարման ավարտը նախատեսված էին հերթական նիստեր, որտեղ կարելի էր ընդգրկել այդ հարցը և քննարկել»,- նշեց Աննա Մկրտչյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Աննա Դեմիրճյան

Տեսանյութեր

Լրահոս