Չէինք պատկերացնի, որ կարող է ՍԴ դատավորներին փոխելու համար Սահմանադրություն փոխվի. Արամ Վարդևանյան
Կամաց-կամաց Սահմանադրություն ունեցող ազգերից գլորվել ենք սահմանադրությունը չունեցող և իրավական սահմանները վերացնող ազգի»,- «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ում պանելային քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ նշեց՝ լիարժեք չի կարող շնորհավորել հասարակությանը՝ ՀՀ Սահմանադրության օրվա առիթով:
«Չեմ կարող ասել, որովհետև դա չի լինի ազնիվ այն պայմաններում, երբ իսկապես տեսել ենք, թե ինչպես սահմանադրական տարբեր արժեքներ, սկզբունքներ և սահմաններ առհասարակ ոչնչացվել են: Երևի թե տարիներ առաջ երբեք չէինք պատկերացնի, թե ինչպես կարող է, օրինակ, օրվա իշխանությունն իր դիրքը, ուժը ցույց տալու համար շրջափակել նույնիսկ Սահմանադրական դատարանի մուտքերն ու ելքերը, և դրանից հետո իրավական հետևանք վրա չհասնի: Ես վստահ եմ, որ մենք չէինք պատկերացնի, որ կարող է լինել մի իրավիճակ, որ ՍԴ դատավորներին փոխելու համար Սահմանադրություն փոխվի: Դա այն ջրբաժանն էր, որ օրվա իշխանությունները գծեցին իրենց և Սահմանադրության միջև»,- նշեց Արամ Վարդևանյանը՝ ընդգծելով, որ գործադիր, օրենսդիր, դատական իշխանությունում այնպիսի մեծ ճգնաժամ կա, որի հաղթահարումը լրջագույն խնդիր է:
Բայց այս ամենն ինքը մի կողմ է դնում, քանի որ իրական լուծման բանալին, ըստ պատգամավորի, լինելու է Սահմանադրական դատարանը, որը հարթելու է այդ խնդիրների լուծման ճանապարհը:
«Ունենք խորը սահմանադրական ճգնաժամ: Այս իշխանությունները պետք է հեռանան, բայց դրանով պայմանավորված՝ Սահմանադրության ճգնաժամի հաղթահարումն անմիջապես չի լինելու: Այստեղ տիտանական աշխատանք կա անելու, այդ թվում՝ այն, որ հասարակությունը հավատա սահմաններին, որ գծվել են Սահմանադրությամբ: 4 տարի հասարակությանը պարզաբանվում է, որ այդ սահմանները կարող եք անտեսել: Իշխանությունները դա կարող են անտեսել ու ոչ մի հետևանք չունենալ»,- եզրափակեց պատգամավորը: