«4 տարի է՝ ՀՀ սահմանադրությունը վերածվել է «ներկիր ինքդ» մի փաստաթղթի. Արտակ Զաքարյան․ ՈՒՂԻՂ
1995-ից անկախ Հայաստանի առաջին սահմանադրությամբ ամրագրեցինք պետականության հիմքերը, և Սահմանադրությունը 20 և ավելի տարիներ զարգանալով, բարեփոխվելով, ամրապնդում էր երկրում պետական և սահմանադրական կարգը:
Այսօր՝ Սահմանադրության օրը, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ 2018-ից հետո ունենք ամբողջությամբ ոտնահարվող, անտեսվող և կամայական եղանակով կիրառվող Սահմանադրություն:
«Արդեն 4 տարի է՝ ՀՀ սահմանադրությունը վերածվել է «ներկիր ինքդ» կամ «նկարիր ինքդ» մի փաստաթղթի, որտեղ յուրաքանչյուրն ինչպես կարողանում է, ինչպես ուզում է և իր երևակայության մեջ պատկերացնում, այդպես էլ Սահմանադրության հետ վարվում է: Ոչ թե մեկնաբանում է, այլ վարվում է հենց այնպես, ինչպես տվյալ պահին իրեն հարմար է: Բազմաթիվ օրինակներ կան դրա համար: Ցավոք, այդ օրինակներն այնքան շատ են և մեկը մյուսից քրեական տարրեր պարունակող, և հենց Սահմանադրության տեսանկյունից աղավաղված, որ մենք ցավով ենք խոսում ՀՀ սահմանադրության չգոյության մասին: ՀՀ-ն այսօր ամբողջությամբ գտնվում է իներցիոն իրավակարգավորումների դաշտում: Այնտեղ, որտեղ իրենց Սահմանադրությունը չի խանգարում, պահում են, իսկ որտեղ խանգարում է՝ անտեսում են, շրջանցում և ոտնահարում»,- նշեց Զաքարյանը՝ շեշտելով, որ ցանկացած Սահմանադրություն տվյալ պետության գոյության թիվ մեկ երաշխիքն է:
Այս համատեքստում Արտակ Զաքարյանը խոսեց ընդդիմադիրների կամ իշխանության դեմ պայքարի մասնակից անձանց անհիմն մեղադրանքներով կալանավորված լինելու մասին:
«Դա խոսում է այն մասին, որ ՀՀ-ն չի երաշխավորում որևէ մեկի ազատ կամարտահայտման իրավունքը, որի մասին գրված է Սահմանադրության մեջ»,- նշել է նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում