Նիկոլը եկել է խաղաղության խոստումով, այսօր նա խաղաղությունից «զադնի» է դնում. Արմեն Աշոտյան

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ներկայացրել է այն 4 փաստարկները, համաձայն որոնց՝ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ առաջնորդ չէ:

«Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ առնվազն 4 պատճառով: Ընտրությունները կարող են գրպանային Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ դիտարկվել լեգալ, օրինական, բայց Նիկոլ Փաշինյանը լեգիտի՞մ առաջնորդ է, թե՞ չէ, եկեք 4 փաստարկով քննարկենք: Ընտրությունները ներսում կեղծ իրավական շղարշով, իրականում հսկայական խախտումներով տարվեցին, ՍԴ-ն վերջում «պեչատը» դրեց, որ օկ է, միջազգայինների լռությունը շահի հետևանք էր, ոչ թե իրականությունը փաստելու, իսկ հիմա հասկանանք՝ ինչու լեգիտիմ չէ»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Հաջորդիվ նա կետ առ կետ մեկնաբանեց այդ 4 պատճառները:

«Փաստարկ համար 1. Նիկոլը գնում էր ընտրությունների նախընտրական խոստումներով: Արցախյան հարցով նախընտրական խոստումների կարմիր թելը ո՞րն էր: Նա վերցրել էր ընդդիմության խոսույթը, ընդհուպ՝ Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի հարց, մտցրել էր նախընտրական խոստումների շարք: Նախընտրական խոստումների շարքում էր Արցախի «անջատման հանուն փրկության» բանաձևը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Դա ՔՊ-ի նախընտրական ծրագիրն է, մինչև հիմա իրենց կայքում կախված է: Ի՞նչ տեսանք հիմա: Նիկոլը վարչապետ դառնալուց հետո անո՞ւմ է դա… Ոչ: Նա Արցախի հարցում խոստացել է մի բան, ինչն ընդդիմությունն էր պնդում, որպեսզի ընդդիմության ձեռքից այդ «ղոզը» վերցնի, ժողովրդին խաբի, բայց անում է լրիվ հակառակը»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Ըստ նրա՝ լեգիտիմության ճգնաժամի երկրորդ փուլը հետևյալն է:

«Ընտրություններից հետո ձևավորվեց կառավարություն: 2021-2026թթ. կառավարության ծրագիրն արդեն շեղում էր իր խոստումներից, որովհետև այդ խոստումները կառավարության ծրագրում չկան: Այսինքն՝ ընդամենը ընտրություններից 2-3 ամիս հետո արդեն ինքն իր խոստումները դրժել էր: Բայց այստեղ էլ գրել էին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Ի՞նչ է ասում այսօր Նիկոլը և նիկոլաբնակ մակաբույծները՝ մենք ինքնորոշման իրավունքի հարց չենք բարձրացնում, մենք Արցախի իրավունքների հարց ենք բարձրացնում»,- նշեց Արմեն Աշոտյանը:

Երրորդ փաստարկը՝ ինչու Նիկոլը լեգիտիմ չէ, այն է, որ բոլոր սոցիոլոգիական հետազոտություններն ասում են, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, շատ մեղմ ասած, 50%-ից ցածր է: Դա պնդում են նաև ամերիկյան, Արևմուտքի ֆինանսական աջակցություն ունեցող հետազոտական կենտրոնները:

«Եվ չորրորդը, ամենակարևորներից մեկը՝ Նիկոլը եկել է խաղաղության խոստումով, այսօր նա խաղաղությունից «զադնի» է դնում: Այսինքն՝ ինչի համար ժողովուրդն իրեն ձայն է տվել, այնուամենայնիվ, նրան ձայն տվել են, ինքը ոչ մի բան չի կատարում»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Տեսանյութեր

Լրահոս