ԲԴԽ-ն նախագահ չընտրեց. Ո՞վ կկատարի նախագահի պարտականությունները
Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կասեցված լիազորություններով նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների՝ էական կարգապահական հիմքով դադարեցումից և ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականից հետո այսօր ԲԴԽ-ն նախագահ էր ընտրում:
Թեև որպես հրաժարականի պատճառ՝ ԲԴԽ-ն նշել էր առողջական խնդիրները, սակայն ակնհայտ է, որ Գագիկ Ջհանգիրյանին ստիպեցին հրաժարականի դիմում ներկայացնել Ռուբեն Վարդազարյանի հրապարակած սկանդալային ձայնագրությունից հետո:
168.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԲԴԽ-ն նախագահ չի ընտրել: ԲԴԽ նախագահի պաշտոնի համար պայքարող Դավիթ Խաչատուրյանին դատավոր անդամները, բնականաբար, չընտրեցին նախագահ, ու հիմա ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի տարիքով ավագը՝ Ստեփան Միքայելյանը: Թե ինչպես իրադարձությունները կզարգանան, կտեղեկացնենք հաջորդիվ: