Բաժիններ՝

Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին՝ Աֆղանստանին վերադարձնել նրա ակտիվները

Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է որքան կարելի է արագ Աֆղանստանին վերադարձնի նրա ազգային ակտիվները: Այդ մասին հաղորդել է «Սինհուա» չինական լրատվական գործակալությունը:

Չժաո Լիցզյանի խոսքով՝ ԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում Աֆղանստանում երկար տարիներ տեւող պատերազմների ու հակամարտությունների, մարդկանց աղքատության, սովի ու տառապանքների համար: Նա նշել է, որ ԱՄՆ-ի ներխուժման 20 տարվա ընթացքում Աֆղանստանում սպանվել է ավելի քան 30 հազար խաղաղ բնակիչ, իսկ 11 միլիոնը դարձել են փախստականներ:

Այդ նույն ժամանակաշրջանում Միացյալ Նահանգների թողտվությամբ, աջակցությամբ եւ մասնակցությամբ Աֆղանստանում արտադրվել են թմրանյութեր եւ դրանց առեւտուր է կատարվել: Չժաո Լիցզյանի խոսքով՝ խաշխաշի աճեցումն ու ափիոնի արտադրությունն այժմ շատ անգամ գերազանցում է այն մակարդակը, որը գոյություն է ունեցել ԱՄՆ-ի ներխուժումից առաջ:

«Էլ ավելի շատ վրդովմունք է առաջացնում այն, որ Միացյալ Նահանգները, չհարցնելով Աֆղանստանի ժողովրդին, սառեցրել է նրա 7 միլիարդ դոլարը, որը մարդկանց կյանք է փրկում, ինչը էլ ավելի է վատթարացրել նրանց վիճակը»,-ասել է Չժաո Լիցզյանը:

«Տարերային եւ տեխնածին աղետների դեմ հանդիման Միացյալ Նահանգները պետք է անհապաղ դադարեցնեն ճնշել աֆղան ժողովրդին եւ որքան կարելի է արագ նրան վերադարձնել Աֆղանստանի ազգային ակտիվները»,-ասել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս