«Գրանդ Քենդի»-ում անձնագրեր են հավաքո՞ւմ

ՀՀ նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն այսօրվա ասուլիսում ներկայացրեց ՀՀ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պատասխանը, որը վերաբերում էր երկքաղաքացիներին և ՀՀ քաղաքացիությունից հրաժարվածներին:

Ըստ ստացված տեղեկատվության՝ 2007-2013 հունվարի 16-ի դրությամբ,  Հայաստանի քաղաքացիություն է ստացել այլ երկրի  28 հազար 859 քաղաքացի, 2008-2012թթ. ընթացքում ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է  2879 անձ:

«Սա քայլ առաջ ենք համարում իշխանությունների կողմից: Սա կարևոր քայլ է, բայց ոչ բավարար, քանի որ 100 հազար հայ ընտրողների խնդիրը մնում է առկախ: Հայաստանում չկա որևէ պետական մարմին, որը կտրամադրի տեղեկություն այն մասին, թե անկախացումից ի վեր որքա՞ն ընտրող է լքել Հայաստանը»,-ասաց թեկնածուն:

Արման Մելիքյանը շեշտեց, որ իրենց հաշվարկներով, ընտրացուցակներում ընդգրկված մոտ  1 մլն քվեարկող լքել է Հայաստանը: Նա նկատեց, որ իրենց տվյալները ոչ պաշտոնական են, իսկ այդպիսի տվյալներ պարտավոր  է ներկայացնել իշխանությունը:

Կարդացեք նաև

Նախագահի թեկնածուն հայտարարեց, որ ընտրակեղծիքները կատարվում են մինչև ընտրությունների օրը: «Ինչ արվում է,  արվում է մինչև քվերակության օրը։ Երբ ընդդիմությունը, հավատալով իշխանություններին, իր  ընտրողներին տանում է ընտրատեղամասեր, խաղն ավարտվում է»,-նկատեց թեկնածուն:

Արման Մելիքյանը նախորդ ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ իշխանություններն արդեն սկսել են օգտագործել վարչական ռեսուրսը, մասնավորապես, նշել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունը: Այս անգամ Արման Մելիքյանը հայտնեց, որ տեղեկություններ են ստացել այն մասին, որ «Գրանդ Քենդի» ընկերությունում աշխատողներից անձնագրեր են հավաքում: Նախագահի թեկնածուն հայտարարեց, որ իրենք որևէ մեկին արատավորելու խնդիր չունեն, և ստացված տեղեկատվությունը դեռևս ստուգման կարիք ունի:

Թեկնածուն ցույց տվեց թերթիկներ, որոնք բաժանվում են Երևանում՝ պետական ծառայողների շրջանում: Արման Մելիքյանը նշեց, որ առայժմ նման տեղեկատվություն ունեն մայրաքաղաքի մասին, իրենք կշարունակեն տեղեկություններ հավաքել այլ քաղաքների վերաբերյալ: Նա նշեց, որ չեն պատրաստվում ստացված տեղեկությունների հիման վրա դիմումներ ներկայացնել իրավապահ մարմիններին և բացահայտել ինֆորմացիայի իրենց աղբյուրները:

«Մեր խնդիրն է տեղեկատվությունը հրապարակել,  իրենք թող ստուգեն այդ տեղեկատվությունը»,-նշեց նախագահի թեկնածուն:

Տեսանյութեր

Լրահոս