Եգիպտոսում տեղի ունեցած բախումներից տուժել է մոտ 500 մարդ. Al-Jazeera
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի իշխանությունները հավելյալ զորքեր են մտցրել Սուեզ, որը վերածվել է ոստիկանության ու զանգվածային անկարգությունների մասնակիցների միջև մարտադաշտի: Այս մասին այսօր հայտնել է Սուեզի անվտանգության ուժերի պետ Ադել Ռիֆաթը:
Նա հավելել է, որ իրենք համալրումներ ստանալու հարցով դիմել են զինված ուժերին՝ հաղթահարելու համար ներկայիս բարդ ժամանակաշրջանը: Եգիպտոսի հյուսիս-արևելյան հատվածում ընկած Սուեզ քաղաքում երեկ գրանցված բախումների հետևանքով զոհվել է մեկ մարդ՝ ներառյալ ոստիկանության մեկ աշխատակից: Զոհվածների տարիքը հիմնականում կազմում է մինչև 30 տարեկան, որոնք երեկվա ակցիաների ժամանակ ստացել են հրազենային վնասվածքներ:
Al-Jazeera հեռուստաալիքի պնդմամբ՝ ընդհանուր առմամբ Եգիպտոսում գրանցված վերջին բախումների ժամանակ տուժել է 476 մարդ, իսկ Al-Arabiya հեռուստաալիքի պնդմամբ՝ ավելի քան 252 մարդ: Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին բնակչությանը կոչ է արել հարգել հեղափոխական վերակազմավորումների սկզբունքները և սեփական կարծիքն արտահայտել խաղաղ միջոցներով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եգիպտացիները պլանավորել էին հունվարի 25-ին հեղափոխության երկամյակը նշել բողոքի զանգվածային ակցիաներով: 2011 թվականին տեղի ունեցած այդ հեղափոխությունն ավարտվել էր գործող նախագահ Հոսնի Մուբարաքի տապալմամբ: