Բաժիններ՝

Բերանը կարած կալանավորի մայրը բաց նամակով դիմել է Սերժ Սարգսյանին

«Մեծարգո պարոն նախագահ, Ձեզ է դիմում ՀՀ քաղաքացի, Հայաստանի Հանրապետական ​​Կուսակցության անդամ Ռուզաննա Հովհաննեսի Վարդանյանը:

Ես, լինելով հուսալքված մայր, դիմում եմ Ձեզ խնդրանքով, որ լսեք ձայնս `կապված որդուս` Շալիկո Սերժիկի Մանուչարյանի կալանավորման փաստի հետ: Համառոտ ներկայացնեմ քրեական գործի բովանդակությունը: Որդիս` Շալիկո Մանուչարյանը, արդեն ութ ամիս ապօրինաբար գտնվում է կալանքի տակ: Որդուս կալանավորելու պատճառը հանդիսանում էր քրեական գործի քննությունը:

Այս ութ ամիսների ընթացքում տեղի է ունեցել վեց դատական ​​նիստ, և յուրաքանչյուր նիստից հետո անհասկանալիորեն անհիմն կերպով եւ փաստերի ու ապացույցների բացարձակ բացակայության պարագայում որոշվել է խափանման միջոցը թողնել անփոփոխ, այն է` կալանք: Յուրաքանչյուր դատական ​​նիստից հետո քննիչը պահանջում է գործի քննությունը հետաձգել մեկ կամ երկու ամսով` ամեն անգամ բերելով տարբեր պատճառաբանություններ: Վերջին անգամ` այն է 24.01.2013 թ., գործի քննությունը մեկ ամսով հետաձգելու եւ խափանման միջոցը կալանք թողնելու պատճառաբանությունն այն էր, որ կան հեռախոսազանգեր, որ կատարվել են դեպքից առաջ եւ հետո, որոնք պետք է ուսումնասիրել, սակայն զարմանալին այն է, որ այդ հեռախոսազանգերի մասին տեղեկություններ եւ դրանց պատկանելիությունը քննչական մարմինները իմացել են դեռեւս 2010 թվականին:

Նշեմ, որ առանձնազրույցների ժամանակ բոլոր քննչական մարմինները եւս ընդունում են, որ չունեն որեւէ ապացույց կամ փաստ` ընդդեմ որդուս: Հունվարի 14-ից որդիս` Շալիկո Մանուչարյանը, որպես բողոք` իր հանդեպ կատարվող անօրինությունների եւ իր իրավունքների խախտումների, հայտարարել է անժամկետ հացադուլ` սեփական բերանը կարելու միջոցով: Ներկայիս նրա առողջական վիճակը գնահատվում է շատ վատ, քանի որ ունի աղիների, ճնշման եւ հոգեբանական լուրջ խնդիրներ: 22.01.2013 թ . նիստը հետաձգվեց քննիչի բացակայության պատճառով: Նիստից հետո մենք` հարազատներս, մոտ 300 մարդ, խաղաղ երթով շարժվել ենք դեպի Լոռու մարզի դատախազության շենք` արտահայտելու մեր բողոքը, քանի որ չկար ոչ մի որոշակի պատասխան, իսկ որդուս առողջական վիճակը վատթարանում է ամեն ժամ:

Կարդացեք նաև

Լոռու մարզի դատախազ պարոն Շահբազյանն ընդունեց մեզ, մենք զրուցեցինք, եւ մոտ 10 մարդու ներկայությամբ խոստացավ, որ 24.01.2013 թ.  նիստին անպայման որդուս ազատ կարձակեն` փոխելով խափանման միջոցը կալանքից ստորագրությամբ ազատ արձակվելու: Նա նշեց, որ դա պարտադիր տեղի կունենա, քանի որ քննչական մարմինները ներկայումս չունեն որեւէ ապացույց կամ փաստ, չհաշված շինծու այն երկու վկաներին, որոնք հանդիսանում են թափառաշրջիկ արբեցողներ:

Նշեմ, որ վերը նշված վկաներից մեկը զարմանալիորեն որպես վկա հանդես է գալիս տարբեր քրեական գործերում: Ստացվում է այնպես, որ այդ մարդը միաժամանակ գտնվում է քաղաքի բոլոր անկյուններում: Երեկ երեկոյան `դատական ​​նիստից հետո, մենք կրկին հանդիպեցինք Լոռու մարզի դատախազի հետ, որը մեզ տեղեկացրեց, որ այսօր Վանաձոր է ժամանելու Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ պարոն Սարգսյանը, որը ջերմորեն մեզ ընդունեց, լսեց եւ հուսադրեց, որ կանի հնարավոր ամեն ինչ` հարցին լուծում տալու համար :

Մեծարգո պարոն նախագահ, որպես մայր, խնդրանքս այն է, որ փոխվի որդուս խափանման միջոցը, կալանքից ստորագրությամբ ազատ արձակելու, քանի որ որդիս գտնվում է ծայրահեղ առողջական վիճակում: Եթե մի քանի օր էլ այսպես շարունակվի, վիճակը կդառնա անդառնալի: Նշեմ, որ 22.01.2013 թ. – ի նիստից առաջ ընդամենը 4 ժամվա ընթացքում մենք հավաքել ենք 2000 – ից ավելի ստորագրություն, այդ թվում ավագանու անդամներ, Ազգային Ժողովի պատգամավորներ, որոնք իրենց ստորագրություններով հավաստել են, որ որդիս ստորագրությամբ կամ գրավի դիմաց ազատ արձակվելու պարագայում փախուստի չի դիմի, կներկայանա քննիչներին, լսումներին, նիստերին` մինչեւ դատական ​​գործի ավարտը»:

ԳԱԼԱ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս