Կամ-կամի հարց դրված չէ. Գագիկ Մինասյան

Հայաստանի շահերից բխում է բազմավեկտոր քաղաքականություն վարել տարածաշրջանում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ խոսելով Երվրոպական միությո՞ւն, թե՞ Եվրասիական միություն երկընտրանքի մասին.

«Անկախությունից ի վեր 3 նախագահների օրոք էլ մեր իշխանություններին, չնայած մեծ բարդությունների, դժվարությունների արդյունքում, հաջողվել է պահել այն ոսկե միջինը, որը թույլ է տվել իրականացնել հայակենտրոն քաղաքականություն»: Գագիկ Մինասյանի կարծիքով՝ այս քաղաքականությունը չի սպառել իրեն, և կամ-կամի հարց դրված չէ: Հայաստանն, ըստ նրա, պետք է շարունակի այն քաղաքականությունը, որն իրեն արդարացրել է:

Գագիկ Մինասյանը նշեց, որ Հայաստանը գտնվում է բարդ և անկանխատեսելի ռազմաքաղաքական միջավայրում, և նման պայմաններում Հայաստանի արտաքին քաղաքականության արտաքին բաղադրիչը պետք է կառուցվի ըստ ծավալվող իրադարձությունների. «ՀԱՊԿ-ն Ռուսաստանի Դաշնության հետ մեր համագործակցությունը մեր արտաքին բաղադրիչի ամենակարևոր կոմպոնենտն են, բայց միևնույն ժամանակ մենք շատ լավ հարաբերություններ ենք զարգացնում ՆԱՏՕ-ի հետ և այս առումով որևէ մեկը չի ասում՝ դադարեցրե´ք մեկը, որ մեր հարաբերությունները զարգանան»:

Տեսանյութեր

Լրահոս