Բաժիններ՝

Դեդ Հասանին սպանել են «գողական օբշչակի» փողերը ճիշտ չտնօրինելու համար

Criminalnaya.ru-ի փոխանցմամբ՝ իրավապահ մարմիններում եղած աղբյուրները հայտնել են, որ քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանին (Դեդ Հասան) կարող են սպանած լինել նրա համար, որ նա ճիշտ չի տնօրինել «գողական օբշչակի» փողերը, որին Ռուսաստանում յուրաքանչյուր «ազնիվ գող» հատկացնում է իր «վաստակի» 10 տոկոսը:

«Օբշչակի» շնորհիվ գողը կարող է հույս ունենալ և օգնություն պահանջել ձերբակալման ու դատական գործընթացում հայտնվելու դեպքում, ինչպես նաև ազատազրկում կրելիս: «Օբշչակը» սուրբ գործ է, իսկ դրա տնօրինումը վերապահված էր Դեդ Հասանին: Դրա ոչ ճիշտ տնօրինումը կարող է հանգեցնել գումարի զգալի կորստյան, հնարավոր է՝ խոսքը գնում է հարյուրավոր միլիոն դոլարի մասին:

ՆԳՆ-ում առկա աղբյուրները հայտնում են, որ «օրենքով գող» Տարիել Օնիանին (Տարո) Դեդ Հասանին մեղադրել է ՆԳՆ-ի ու Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) հետ համագործակցելու մեջ: Եթե այդ «համագործակցության» հետևանքով «գողական օբշչակը» կորցրել է զգալի գումարներ, ապա Դեդ Հասանին ներկայացված մեղադրանքն ամենալուրջն էր, ինչի համար պատժում են մահվամբ:

2010 թվականին Դեդ Հասանի դեմ իրականացվեց մահափորձ, ինչի հետևանքով նա վիրավորվեց: Սա նախազգուշացում էր: Սակայն Հասանը չկարողացավ անցած 1-2 տարում փողերը վերադարձնել «օբշչակ»: Չափազանց մեծ էր կորսված գումարի չափը: ՆԳՆ ոչ պաշտոնական աղբյուրների վարկածի համաձայն, Դեդ Հասանին սպանել են հենց դրա համար:

Այս վարկածն ունի բազմաթիվ անուղղակի հաստատումներ՝ թեև իրավապահ մարմինների պաշտոնական ներկայացուցիչները, քաղաքական գործիչները, պատգամավորները, հանցագործ աշխարհի թեմայով «մասնագետները», որոնք սիրում են իրենց կարծիքն ու վարկածները ներկայացնել ԶԼՄ-ներին, չեն խոսում այս վարկածի մասին: Բնականաբար, գողերը նույնպես չեն խոսում: Մինչդեռ սա Դեդ Հասանի սպանության ամենահավանական պատճառն է:

Հիշեցնենք, որ 1937 թվականի փետրվարի 27-ին ծնված Դեդ Հասանը Մոսկվայում սպանվել է այս տարվա հունվարի 16-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս