Միասնական ավիացիոն տիրույթի շուրջ ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև բանակցությունների առաջին փուլը մեկնարկելու է վաղը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ միասնական ավիացիոն տիրույթի վերաբերյալ ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև բանակցությունների առաջին փուլն անցկացվելու է հունվարի 24-25-ին, Բաքվում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչությունը:

Բանակցություններին մի կողմից մասնակցելու են Եվրահանձնաժողովի տրանսպորտի ու դինամիկության գլխավոր տնօրինության պաշտոնական ներկայացուցիչները, Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության աշխատակիցները, ԵՄ-ի անդամ երկրների ներկայացուցիչները, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանի Քաղաքացիական ավիացիայի պետական ապարատի և այլ համապատասխան նախարարությունների ներկայացուցիչները:

Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան հայտարարել է. «ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև ավիացիոն համաձայնագրի շուրջ բանակցությունների սկսումը կարևոր քայլ է ոչ միայն երկկողմանի հարաբերությունների, այլև՝ քաղաքական, տնտեսական, առևտրային ու մարդկային կապերի ամրագրման տեսանկյուններից:

Հեռանկարների հետազոտության համաձայն, համաձայնագրի ստորագրմանը հաջորդած առաջին 5 տարում հավելյալ ուղևորների քանակը, որոնք այցեր կկատարեն ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև, կարող է կազմել 860.000 մարդ: Համաձայնագրի ստորագրման արդյունքում կստացվի տնտեսական շահ: ԵՄ-ն այդպիսի համաձայնագրեր է կնքել տարածաշրջանի մի շարք երկրների հետ: Հուսով եմ, որ Ադրբեջանը բանակցային սեղանի շուրջ կցուցաբերի նմանատիպ քաղաքական կամք»:

Հիշեցնենք, որ 2012 թվականի սեպտեմբերի վերջին Եվրահանձնաժողովն առաջարկել էր մինչև 2015 թվականն ավարտել միասնական օդային տիրույթի շուրջ բանակցությունները եվրոպական հարևանության այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ադրբեջանը, Թուրքիան, Ուկրաինան, Թունիսն ու Եգիպտոսը: Միասնական օդային տիրույթի շուրջ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումն Ադրբեջանին հնարավորություն կտա վերածվել ԵՄ-ի ընդհանուր օդային տիրույթի մասնիկի, ինչը կդյուրացնի օդային ճանապարհով փոխադրումների հետ կապված բազմաթիվ ընթացակարգեր:

Տեսանյութեր

Լրահոս