Այս քրեական գործը ոչ այլ ինչ է, քան դաժան քաղաքական հալածանք. Հմայակ Հովհաննիսյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը խոսեց Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում իր դեմ հարուցված քրեական գործի մասին` այն, ըստ էության, համարելով քաղաքական հետապնդում և կապելով ոչ վաղ անցյալում իր ծավալած քաղաքական գործունեության դեմ: Հմայակ Հովհաննիսյանը մասնավորապես ընդգծեց, որ նշված դատական գործը վարում է առաջին ատյանի դատավոր Գագիկ Պողոսյանը, ով, իր խոսքերով, հայտնի է ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի և «փուչիկների» հայտնի գործով կայացված վճիռներով:

Եթե հաշվի առնել, որ Հայաստանի քաղաքագետների միության վարչության կողմից կազմակերպված գիտակիրառական լսումների արդյունքում հնարավոր դարձավ (ԱԺ վերջին ընտրություններից առաջ ձևավորված ընդդիմադիր,-Ա.Ս. )Միասնական շտաբի ձևավորումը, եթե հաշվի առնել, որ մենք կիրառել ենք նորարարական քաղաքական տեխնոլոգիաներ, որոնք նպատակ ունեին նպաստելու քաղաքական ուժերի միավորմանը, եթե հաշվի առնենք, որ այսօր իշխանությունն իր գործունեության հիմնական լծակն է դարձրել քաղաքական դաշտում պառակտումներ առաջացնելու, քաղաքական դաշտը փոշիացնելու, քաղաքական դաշտում «բաժանիր, որ տիրես» սկզբունքը կիրառելու մեթոդը, ապա իհարկե ակնհայտ է, որ այս քրեական գործը ոչ այլ ինչ է, քան դաժան քաղաքական հալածանք և հաշվեհարդար, որն ուղղված է իմ դեմ և իմ ղեկավարած Հայաստանի քաղաքագետների միության դեմ»,- ասաց ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Հ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի առաջին մասով՝ անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար: Ըստ մեղադրական եզրակացության, Հմայակ Հովհաննիսյանը 2012թ. ապրիլի 21-ին` ժամը 10:30-ի սահմաններում, Երևանի Մոսկովյան 34ա հասցեում տեղակայված «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի մուտքի դիմաց, վիճաբանության ժամանակ, «հանցավոր անփութություն դրսևորելով իր գործողության և դրա վտանգավոր հետևանքների նկատմամբ», հրել է նույն ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Սենիկ Ջուլհակյանին, ինչի հետևանքով վերջինս նախ մարմնով և ձախ ձեռքով համահարվածվել է մուտքի դռան եզրային մետաղյա շրջանակին, ապա, կորցնելով հավասարակշռությունը, գլորվել է բազալտապատ աստիճանահարթակից:

Հմայակ Հովհաննիսյանն ասուլիսում նշեց, որ դեպքի օրը` ապրիլի 21-ին փաստորեն տեղի է ունեցել հարձակում իր գրասենյակի վրա, որտեղ տեղակայված էր հանրային վերահսկողության Միասնական շտաբը, որի աշխատանքներն ինքն է համակարգել: ՀՔՄ նախագահը այս ամենը մասնավորապես կապեց Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով  առաջադրված Նիկոլ Փաշինյանի դեմ մի խումբ կանանց, ովքեր նրա խոսքերով ուղարկվել էին ԱԺ պատգամավոր և նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածու Սամվել Ալեքսանյանի կողմից, իրականացրած հակաքարոզչության և Նիկոլ Փաշինյանի ազատ ընտրարշավին խոչընդոտելու վերաբերյալ Միասնական շտաբի հայտարարության հետ: Հմայակ Հովհաննիսյանը նաև ավելացրեց, որ Սենիկ Ջուլհակյանը դիմել էր իրեն` առաջարկելով իր տարածքը ինչ-որ այլ տարածքի հետ, ինչին ի պատասխան ինքը ասել է, որ չի զբաղվում կոմերցիոն գործարքներով: Դրանից հետո Ս.Ջուլհակյանը, ըստ Հ.Հովհաննիսյանի, սկսել է ճնշում գործադրել իր վրա:

Կարդացեք նաև

«Մարտի 1-ին այդ մարդուն գտնում են իշխանությունները, այսինքն` այդ մարդուն սկսեցին դիտել որպես հարմար գործիք` իմ դեմ օգտագործելու համար, քանի որ դժգոհ էին, որ ես նախաձեռնել քաղաքական դաշտի համախմբման աշխատանքները, հասկանալի է, որ իշխանությունների պլաններ մեջ դա չէր մտնում»,- նշեց Հ.Հովհաննիսյանը,-«Եվ ահա նրանք գտան այդ Սենիկ Ջուլհակյանին, և մարտի 1-ին կառավարությունը որոշում ընդունեց օտարել այդ երկու տարածքները, և, ըստ էության դրանց տիրանում է Սենիկ Ջուլհակյանը»: Հ.Հովհաննիսյանը համարում է, որ կառավարությունը չուներ դրա իրավունքը, քանի որ ինքը և մյուս սեփականատերերը համաձայնություն չեն տվել, որ իրենց ընդհանուր սեփականությունը օտարվի Ս.Ջուլհակյանի օգտին:

Տեսանյութեր

Լրահոս