Մինչև 2020 թվականն արդիականացվելու է Ադրբեջանի զինված ուժերի զրահատեխնիկայի զգալի մասը
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մինչև 2020 թվականն արդիականացվելու է Ադրբեջանի զինված ուժերի տեխնիկական պարկում առկա զրահատեխնիկայի զգալի մասը: Այս մասին գործակալությանը հայտնել են ռազմական աղբյուրները:
Այդ գործընթացն իրականացվելու է զինված ուժերի արդիականացման ծրագրի շրջանակներում: Արդիականացումը հիմնականում իրականացվելու է տեղական արտադրության և այլ (ոչ հետխորհրդային) երկրներից կատարվող գնումների հաշվին: Առաջին փուլում զրահապատ հետախուզական դեսանտային մեքենաները, ինչպես նաև БТР-60 և БТР-70 տիպի զրահատրանսպորտները փոխարինվելու են ժամանակակից և ավելի պաշտպանված զրահատրանսպորտային միջոցների տեսակներով:
Առաջին փուլում առաջնահերթությունն արդեն իսկ տրվել է թուրքական արտադրության Cobra տիպի զրահատրանսպորտին: Այդ մեքենաներն Ադրբեջանում անցկացված փորձարկումների ժամանակ իրենց արդարացրել են կայունության ու մանևրայնության տեսանկյուններից: Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերում նաև թուրքական արտադրության Arma, Pars և Ejder զրահամեքենաների հանդեպ:
Այդ ամենին զուգահեռ երկրում պլանավորված է կազմակերպել թուրքական ընկերությունների ու հարավ-աֆրիկյան Paramount Group ընկերության հետ ռազմական տրանսպորտային միջոցների համատեղ արտադրություն: