Մեխիկոյում Հեյդար Ալիևի հուշարձանն ապամոնտաժվելու է այս շաբաթ
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում այս շաբաթ ապամոնտաժվելու է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի բրոնզե հուշարձանը: Դա հանդիսանում է իրավապաշտպանների բողոքների արդյունք, որոնց կարծիքով՝ բռնապետը չպետք է արժանանար նման պատվի:
«Ֆրանս Պրեսս» լրատվական գործակալության տվյալներով՝ Մեխիկոյի քաղաքապետ Միգել Անխել Մանսերան երեկ հայտարարել է, որ Հեյդար Ալիևի հուշարձանն ապամոնտաժվելու է, և իշխանությունները նոր տեղ են փնտրում՝ դրա տեղակայման համար: Նա հավելել է, որ իրենք որոնման աշխատանքները շարունակելու են այս շաբաթ:
Հիշեցնենք, որ Հեյդար Ալիևի հուշարձանը նախորդ ամառ կանգնեցվել է Մեխիկոյի կենտրոնական զբոսայգում, որի վերանորոգման աշխատանքների վրա ադրբեջանական կողմը ծախսել է մոտ 5 միլիոն դոլար: Սակայն Հեյդար Ալիևի հուշարձանի տեղակայումը հարուցել էր տեղի իրավապաշտպանների բողոքը:
Ոչ վաղ անցյալում այդ քննադատությանը միացել էր նաև կառավարության ներկայացուցիչը՝ հայտարարելով, որ բռնապետի հուշարձանը պատիվ չի բերում Մեխիկոյին: 2012 թվականի նոյեմբեի վերջին փորձագիտական հանձնաժողովը քաղաքային իշխանություննեին խորհուրդ էր տվել Հեյդար Ալիևի հուշարձանը Մեխիկոյի կենտրոնական զբոսայգուց տեղափոխել մեկ այլ տեղ, քանի որ Հեյդար Ալիևը չպետք է գտնվի Մահաթմա Գանդիի, Աբրահամ Լինքոլնի և Մեքսիկայի ազգային հերոսների կողքին:
Սակայն Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանատունը դեմ է հանդես եկել Հեյդար Ալիևի հուշարձանի ապամոնտաժման փորձերին: Դեսպանատունը հայտարարել է, որ Հեյդար Ալիևի հուշարձանն այդ զբոսայգում տեղակայվել է տեղական իշխանությունների ու ադրբեջանական դեսպանատան միջև կնքված համաձայնագրով, որը պետք է պահպանել:
Դեսպանատունը սպառնացել է, որ եթե ապամոնտաժվի Ալիևի հուշարձանը, ապա դա կհանգեցնի Ադրբեջանի ու Մեքսիկայի փոխհարաբերությունների կտրուկ վատթարացմանը, այդ թվում նաև ներդրումների կատարման դադարեցմանը և ադրբեջանական դեսպանատան փակմանը: Մեքսիկական կողմը տուրք չտվեց այդ սպառնալիքներին և մոտ 10 օ առաջ Մեքսիկայի դաշնային վարչական դատարանը մերժեց Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանատան ներկայացրած բողոքը, որում ադրբեջանական կողմը փորձում էր հասնել Մեխիկոյում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանի ապամոնտաժման արգելքին: