ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև էներգետիկ համագործակցությանը սկիզբ դրեց «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղը. Ռիչարդ Մորնինգսթար
Ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն անդրադարձել է տարածաշրջանային ու էներգետիկ անվտանգության հարցերում Ադրբեջանի դերակատարությանը.
«Ադրբեջանը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ահաբեկչությունն ու անվտանգության ապահովումը: ԱՄՆ-ը շարունակելու է տվյալ հարցերում սերտորեն համագործակցել Ադրբեջանի հետ: ԱՄՆ-ը բարձր է գնահատում Աֆղանստանի հետ կապված Ադրբեջանի ջանքերը, այդ թվում նաև այդ երկրում ադրբեջանցի խաղաղապահների առկայությունը, 2014 թվականին ՆԱՏՕ-ի զորքերի դուրս բերումից հետո Աֆղանստանին օգնելու համար տարանցիկ ոլորտում Ադրբեջանի կողմից համագործակցության պատրաստակամությունը:
Ադրբեջանի հետ ԱՄՆ փոխհարաբերությունների ամենաուժեղ կողմերից մեկը հանդիսանում է էներգետիկ ոլորտը: Այդ համագործակցությանը սկիզբ դրեց «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղը: Ադրբեջանում գազային ոլորտի զարգացումը վիթխարի հնարավորություններ է բացում Թուրքիային ու Եվրոպային էներգակիրներով ապահովելու համար»:
Հիշեցնենք, որ ԲԹՋ-ն շահագործման է հանձնվել 2006 թվականին: