ԱՄՆ-ում ուժեղ ցրտերն արդեն իսկ խլել են 4 մարդու կյանք
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս օրերին ԱՄՆ կենտրոնական նահանգներում իշխում են ուժեղ ցրտերը: Մի շարք բնակավայրերում ջերմաստիճանն ընկել է մինչև 34-37 աստիճան սառնության:
Իլինոյս, Մինեսոթա, Հյուսիսային Դակոթա, Վիսքոնսին և Միչիգան նահանգների իշխանություններն այնքան էլ տաք բնակատեղի չունեցողներին, այդ թվում նաև շարժական տներ ունեցողներին խորհուրդ են տվել այս օրերն անցկացնել հատուկ այդ նպատակով բացված ապաստարաններում:
ԱՄՆ տարածքի զգալի մասում ուժեղ ցրտերի առկայությունը պայմանավորված է արկտիկական ցիկլոնով, որը կիրակի եկել է Կանադայից: Իլինոյս նահանգի խոշորագույն քաղաքում՝ Չիկագոյում, ոչ միայն ուժեղ ցրտեր են, այլև տիրում է ուժգին քամի:
Ուժեղ ցրտերն արդեն իսկ խլել են 4 մարդու կյանք: Օրինակ, Իլինոյս նահանգում չջեռուցվող տանն ամբողջովին սառած վիճակում հայտնաբերվել է 70-ամյա մի տղամարդ: Ուժեղ ցրտերը խափանումներ են առաջացրել նաև ջրատար համակարգում, մի շարք բնակավայրերում փակվել են դպրոցները: Օդերևութաբանները կանխատեսում են, որ տվյալ տարածաշրջանում ուժեղ ցրտերը կպահպանվեն նվազագույնը մինչև շաբաթվա վերջ: