Երկրորդ տեղը Րաֆֆի Հովհաննիսյանինն է

«Փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում այս պահին որոշում կայացրած ընտրողների 72 տոկոս ձայները կստանա գործող նախագահ Սերժ Սարգսյանը»: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեյանը՝ ամփոփոլով կենտրոնի կողմից կատարված հարցումները: Նշենք, որ հարցումներն անցկացվել են Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պատվերով:

Ըստ հարցման՝ որոշում կայացրած ընտրողների 20 տոկոսն իր ձայնը կտա Րաֆֆի Հովհաննիսյանին, 3,5-ական տոկոսներ կստանան Հրանտ Բագրատյանն ու Պարույր Հայրիկյանը:

Սոցիոլոգը նշեց, որ հատկապես քարոզարշավի ընթացքում կարևոր է ստուգել, թե քանի՞ տոկոս ճանաչելիության մակարդակ ունի առաջադրված թեկնածուն: Գրանցված թեկնածուներից ամենաճանաչվածն, ըստ Ադիբեկյանի անցկացրած հարցման, Սերժ Սարգսյանն է, ում ճանաչում է հարցվածների 89 տոկոսը: Սերժ Սարգսյանին հաջորդում է Րաֆֆի Հովհաննիսյանը, ում ճանաչում է հարցվածների 63 տոկոսը, իսկ Պարույր Հայրիկյանին ճանաչում է 50 տոկոսը: Հարցվածների 37 տոկոսը ճանաչել է Հրանտ Բագրատյանին, իսկ մյուս չորս թեկնածուներին՝ Արամ Հարությունյանին, Վարդան Սեդրակյանին, Արման Մելիքյանին և Անդրեաս Ղուկասյանին ճանաչել է հարցվածների առավելագույնը10 տոկոսը:

Ահարոն Ադիբեկյանի ասելով՝ ի տարբերություն համապետական նախորդ ընտրությունների՝ 2013 թվականի նախագահական ընտրութունների հանդեպ հետաքրքրությունն աճել է 11 տոկոսով: Հարցվածների 71 տոկոսը, ըստ նրա՝ հետաքրքրվում է ընտրական գործընթացով, իսկ 29 տոկոսն՝ անտարբեր է:

Կարդացեք նաև

Ահարոն Ադիբեկյանը նշեց նաև, որ երկրորդ փուլի հավանականությունն առկա է, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կարողանա ստանալ չկողմնորոշված զանգվածի ձայների գոնե կեսը:

Միևնույն ժամանակ, Ադիբեկյանը նշեց, որ այսօրվա դրությամբ՝ երկրորդ փուլի հավանականություն չկա:

Տեսանյութեր

Լրահոս