Ինչո՞ւ է «փախչում» կապիտալը
Կապիտալի արտահոսքի գլխավոր պատճառն այն ռիսկերն են, որոնց հանդիպում են ներդրողները տարբեր նախագծեր ֆինանսավորելիս։ Այս մասին, ըստ Риа-Новости-ի, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը։
Ըստ Դվորկովիչի, Ռուսաստանի մակրոտնտեսական վիճակը վատը չէ և արտահոսքի պատճառ չի հանդիսանում։ Փոխվարչապետը նշել է, որ արտահոսքը՝ որպես այդպիսին, կոմպլեքս երևույթ է, և նրա մի մասը ռացիոնալ և բացատրելի է, քանի որ ներդրողների համար շատ բնական է ռիսկերը դիվերսիֆիկացնելը։
Դվորկովիչն ավելացրել է, որ կապիտալի արտահոսքի լրացուցիչ պատճառ է նաև ներդրումային վատ միջավայրը։ «Մարդիկ պարզապես պատրաստ չեն ներդրումներ անել Ռուսաստանում, նրանք չեն տեսնում շահավետ ներդրումային նախագծեր։ Այդ մարտահրավերին մենք փորձելու ենք պատասխանել տարբեր ծրագրեր և նախագծեր իրականացնելու միջոցով, առաջին հերթին՝ ազգային ձեռնարկատիրական նախաձեռնության շրջանակներում»,- ասել է փոխվարչապետը։
Ռուսաստանի բանկի նախնական տվյալներով, 2012 թվականին կապիտալի արտահոսքը երկրից կազմել է 56.8 միլիարդ դոլար։ 2011 թվականին այդ թիվն ավելի մեծ էր՝ 80.5 միլիարդ։