Չինաստանն ասիացիների ու հնդկացիների ընդհանուր նախահայրերի հայրենիքն է. գիտնականներ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասիացիների ու հնդկացիների ընդհանուր նախահայրերը Չինաստանի տարածքում բնակվել են մոտ 40.000 տարի առաջ, ինչը հնարավորություն է տալիս պնդել, որ Ասիայի երկրների բոլոր ժամանակակից բնակիչներն ու Նոր աշխարհի աբորիգենների հայրենիքը Չինաստանն է:
Անատոմիական առումով ժամանակակից մարդը՝ Homo Sapiens-ը, առաջացել է մոտ 200.000 տարի առաջ Արևելյան Աֆրիկայում: Գիտնականների մեծ մասը կարծում է, որ մարդիկ առաջին անգամ Աֆրիկան լքել են վերջին սառցե դարաշրջանի կեսերին: Մերձավոր Արևելքում հնագիտական գտածոները վկայում են, որ այսպես կոչված նեղոսյան միջանցքով առաջին միգրացիան տեղի է ունեցել մոտ 65-40.000 տարի առաջ:
Գիտնականները նաև պարզել են, որ Չինաստանում գտնվող Տյանյուանի քարանձավում մոտ 40.000 տարի առաջ բնակվել են մարդիկ, որոնք հանդիսացել են Ասիայի ժամանակակից բոլոր բնակիչների ու Նոր աշխարհի աբորիգենների նախահայրը: Մոտավորապես հենց այդ ժամանակ էլ տեղի է ունեցել բնակչության՝ ասիացիների ու եվրոպացիների տարանջատումը: Դա նշանակում է, որ մեր հեռավոր նախնիների կողմից աշխարհի գաղութացման ժամանակ Չինաստանը հանդիսացել է «բաժանարար» կետերից մեկը: