Ո՞ր թեկնածուներն են խաբում հասարակությանը

«Ես ժողովրդին խաբել, պատրանքների մեջ գցել չեմ ցանկնում: Եվ սա է պատճառը, որ մենք չենք մասնակցի նախընտրական քարոզարշավին»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե փաստորեն մյուս թեկնածուները՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը, ովքեր կողմնակից են ակտիվ քարոզարշավին, խաբո՞ւմ են հասարակությանը: Ի պատասխան Արման Մելիքյանը նշեց.

«Չեմ ուզում որակել` ինչն էր նրանց մոտիվացիան: Բայց կարող եմ ասել, որ առանց ընտրությունների օրինականությունն ապահովելու՝ նրանց մասնակցությունը քարոզարշավին անիմաստ է: Ընդ որում, անիմաստ է նաև մյուս թեկնածուների մասնակցությունը, որոնք խոստումներ են տալիս, չկարողանալով կատարել դրանց առաջին իսկ քայլը՝ ընտրվելը: Անիմաստ է նաև պարոն Սերժ Սարգսյանի համար, որովհետև այս իրավիճակում իշխանությունը ցանկացած արդյունք կարող է գրանցել: Այսինքն՝ մասնակցի՞ քարոզարշավին, թե՞ չմասնակցի, եթե իրավիճակը չփոխվի, նա նորից կբազմի նախագահի աթոռին»:

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞վ եք պայմանավորում «Ազատություն» ռադիոկայանին տրված Սերժ Սարգսյանի հարցազրույցում հնչած գովեստներն այս երեք թեկնածուների մասին, Արման Մելիքյանն ասաց. «Ես կարծում եմ, որ, գուցե, շատ անձնական է դա: Իհարկե, հասկանալի է, որ այդ երեքն էին, որ իրենց առաջադրմամբ, ըստ էության, պայմաններ ապահովեցին պարոն Սարգսյանի «վերընտրության» լեգիտիմացման համար: Սա է խնդիրը: Ես հասկանում եմ այդ գովեստները, բայց չեմ կիսում դրանք»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս