Սյունիքի մարզում «պատերազմ» է սկսվել. մամուլ
««Ժողովուրդը» տեղեկացավ, որ վերջին օրերին Սյունիքի մարզում «պատերազմ» է սկսվել. կռվախնձորը ՀՀԿ մարզային շտաբի ղեկավարի պաշտոնն է։ Թեև վաղուց որոշված էր, որ ՀՀԿ Սյունիքի մարզային շտաբը պետք է ղեկավարի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը։
Ինքը՝ կոմունիստ Հակոբյանը, դեռևս անցած տարվա դեկտեմբերի 20-ին «Ժողովուրդի» հետ զրույցում վստահեցրել էր, որ ինքն է ղեկավարելու ՀՀԿ շտաբը։ Բայց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը չի կարողանում հաշտվել այդ մտքի հետ։ Ըստ «Ժողովուրդի» աղբյուրների՝ Խաչատրյանն օրերս վիճաբանել է Սիսիանի քաղաքապետ, ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանի հետ, քանի որ վերջինս Սիսիանում հայտարարել է, թե այս անգամ ինքն է ղեկավարելու Սիսիանի ու ընդհանրապես ՀՀԿ մարզային շտաբը։ Բանն այնտեղ է հասել, որ Խաչատրյանը քաղաքապետին արգելել է ուրբաթ օրը նիստ հրավիրել»։