«Ադրբեջանը ցայսօր չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունը». Արարատ Միրզոյան

«Անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդիրը մեր առաջնային ուշադրության կենտրոնում է, դա մեր ամենօրյա, ամենժամյա աշխատանքի առարկան է և թեման, թիրախը: Ես չեմ կարող մտաբերել որևէ լուրջ հանդիպում, լուրջ քննարկում, որտեղ այս թեման չի արծարծվում: Այո, Ադրբեջանը ցայսօր չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունը, այն է՝ անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը տարբեր պատճառներ է բերել դրա համար. «Գիտեք, որ տարբեր պատրվակներ բերելով, այնուհետև խնդիրը կապելով ականապատված դաշտերի քարտեզների հետ, թեպետ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ այդպիսի կորելացիա չկար, ապա այլ պատճառներ, պատրվակներ բերելով: Այժմ Ադրբեջանը, ցավոք, փորձում է խնդիրը կապել ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած անձանց փնտրելու հարցի հետ: Պետք է ասեմ, որ այդ հարցերը ընդհանրապես իրար հետ կապ չունեն, և այնուամենայնիվ, մենք՝ որպես բարի կամքի նշան, արել ենք և շարունակում ենք անել մեր շատ հումանիստական և մարդասիրական քայլերը, և ակնկալում ենք, որ նույնպիսին էլ պետք է լինի Ադրբեջանի կողմից պահվածքը՝ և՛ մարդասիրական նկատառումներից ելնելով, և՛ նաև նրանից, որ դա ուղղակի իրենց պարտավորությունն է թղթի վրա գրված»:

Միրզոյանը նշեց, որ այս թեման քննարկվել է նաև Փաշինյան-Ալիև-Շառլ Միշել վերջին բրյուսելյան հանդիպման ընթացքում, և կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի. «Մենք հիմա շարունակում ենք բանակցել դրա շուրջ»:

Նա հավելեց, որ հարցն ընդգծված մարդասիրական բնույթ ունի, և տարբեր միջնորդներ կան. «Միջնորդությամբ հանդես են եկել և հանդես գալիս են ռուսաստանյան գործընկերները, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, և նրանցից յուրաքանչյուրը ինչ-որ ժամանակահատվածում հաջողություն արձանագրել է այս առումով, բայց նաև այլ գործընկերներ, ինչպես, օրինակ՝ նույն Շառլ Միշելի գրասենյակը, հավանաբար հիշում եք՝ Հունգարիան որոշակի քանակով կարողացավ ռազմագերիներ ազատ արձակել իր ջանքերի արդյունքում, և այլն»:

Տեսանյութեր

Լրահոս