Բաժիններ՝

Հարավային Կորեան կհանի նավթի լրացուցիչ ռազմավարական պաշարները

Հարավային Կորեան որոշել  է եւս 7,23 միլիոն բարել նավթի ռազմավարական պաշարներ հանել, որպեսզի նպաստի էներգակիրների բարձր գների նվազմանը՝ Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի պայմաններում: Այդ մասին հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության առեւտրի, արդյունաբերության եւ էներգետիկայի նախարարությանը:

Ավելի վաղ Սեուլում արդեն որոշել էին հանել 4,42 միլիոն բարել: Որոշումը կայացվել է էներգետիկայի միջազգային գործակալության անդամ երկրների պայմանավորվածության համաձայն: Անցած ամսից նրանք համաձայնել են իրենց պաշարներից հանել ընդհանուր առմամբ 180 միլիոն բարել նավթ՝ ի պատասխան նավթային շուկաների լարվածության, որը պայմանավորված է Ուկրաինայի ճգնաժամով:

«Որոշումն ուղղված է էներգետիկայի շուկայում կայունության ապահովմանն ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում, որպեսզի նվազեցվի մեր ժողովրդի ու տնտեսության վրա ծանրաբեռնվածությունը՝ ձգձգվող ուկրաինական ճգնաժամի եւ էներգակիրների գների կտրուկ աճի պայմաններում»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: Գերատեսչության տվյալներով՝ Հարավային Կորեայի համար 7,23 միլիոն բարելն ամենամեծ ծավալն է, որը երկրի կողմից ռազմավարական պաշարներից երբեւիցե բաց է թողնվել նմանօրինակ միջազգային միջոցառումների շրջանակներում:

Մնացած պաշարներն առանց նավթի ներմուծման կբավականացնեն ավելի քան 90 օր: Ինչպես հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը, դուբայական նավթի գները, որը Հարավային Կորեայի համար էտալոն է, ապրիլի 6-ին բարելի դիմաց հասել են 103,79 դոլարի, 2021 թվականի վերջին բարելի դիմաց գինը եղել է 7,12 դոլար: Ավելի վաղ հաղորդվել էր, որ սպառողական գները մարտին Հարավային Կորեայում տարեկան հաշվարկով աճել են ավելի քան 4,1 տոկոսով՝ առավելագույն գնաճը 2011 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ, էներգակիրների գների աճի ֆոնին դրանք կտրուկ բարձրացել են ուկրաինական ճգնաժամի պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս