Արման Մելիքյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Հրանտ Բագրատյանը դեռևս չեն որոշել, իսկ Սերժ Սարգսյանը օգտվելու է և հանդիպում անցկացնելու է նիստերի դահլիճում

ՀՀ նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը դեռևս չի որոշել՝ նախընտրական հանդիպում ՀՀ կառավարության շենքի նիստերի մեծ դահլիճում ունենալո՞ւ է, թե՞ ոչ:

«Դա կախված կլինի նրանից, թե իշխանությունը որ չափով պատրաստ կլինի համագործակցել մեզ հետ՝ ընտրողների քանակը ճշգրտելու հարցում»,- 168.am-ին փոխանցեց նա:

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 18-ին կայացած նիստում մերժել է նրա դիմումը: Արման Մելիքյանը  հանձնաժողովից խնդրել էր ներկայացնել ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների, Հայաստանից հեռացածների ու ՀՀ քաղաքացիությունից դուրս եկածների մասին տեղեկատվություն:

Ըստ ԿԸՀ կայքում հրապարակված հայտարարության՝  ՀՀ նախագահի թեկնածուներին հնարավորություն կտրվի՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում անհրաժեշտ միջոցառումներ, հանդիպումներ կազմակերպելու համար մեկ անգամ անվճար օգտվել կառավարության տան  նիստերի մեծ դահլիճից:

Կարդացեք նաև

ՀՀ նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի մամուլի խոսնակ Կարինե Հարությունյանը մեզ փոխանցեց, որ կազմակերպչական մի շարք հարցեր դեռևս քննարկման փուլում են գտնվում և առաջիկայում պարզ կլինի` օգտվելո՞ւ է Հրանտ Բագրատյանը կառավարության շենքի նիստերի դահլիճից, թե՞ ոչ:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը ևս նշեց, որ կազմակերպչական հարցերը  դեռևս հստակեցման փուլում են:

ՀՀԿ նախագահ, ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն, ըստ կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի, կառավարության շենքում հանդիպում ունենալու է: «Մենք ինչից օգտվելու ենք՝ լինելու է թափանցիկ: Մեր քարոզարշավը լինելու է բացառապես օրենքի շրջանակում»,- 168.am-ին ասաց Էդուարդ Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս