Բաժիններ՝

Թբիլիսիում ձերբակալվել է բանտային կտտանքների մասին տեսագրությունների հեղինակը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ վրացական բանտերում կատարված բռնությունների մասին սկանդալային տեսանյութերի հեղինակ Վլադիմիր Բեդուկաձեն այս գիշեր ձերբակալվել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ Բեդուկաձեն ցուցմունքներ տալու համար վերադարձել է հայրենիք:

 
Բեդուկաձեն մտադիր է ներկայացնել հավելյալ տեսագրություններ և ցուցմունքներ տալ նկարահանումների պայմանների ու պատվիրատուների մասին: Փորձագետների կարծիքով՝ Բեդուկաձեի ցուցմունքների հիման վրա հնարավոր կլինի քրեական պատասխանատվության ենթարկել նախկին կառավարության ևս մի շարք չինովնիկների:

 
Բեդուկաձեն միտումնավոր է վերադարձել Վրաստան՝ իմանալով, որ իրեն ձերբակալելու են բանտային բռնությունների գործի շրջանակներում, քանի որ նա, հանդիսանալով ուղղիչ համակարգի աշխատակից, նկարահանել է այդ ամենը: Այսօր Բեդուկաձեի փաստաբանները նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությամբ դիմելու են դատարան:

Հիշեցնենք, որ 2012 թվականի հոկտեմբերին 1-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախաշեմին՝ սեպտեմբերին կեսերին Վրաստանը ցնցվեց Գլդանի թիվ 8 բանտում բանտարկյալների նկատմամբ ցուցաբերված անմարդկային վերաբերմունքի մասին պատմող տեսագրություններից, որոնց շրջանառության մեջ էին դրել վրացական ԶԼՄ-ները:

Այդ կադրերը նրանց փոխանցել էր Բրյուսելում գտնվող Բեդուկաձեն: Շատ փորձագետներ կարծում են, որ հենց այդ կադրերը պայմանավորեցին ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» դաշինքի հաղթանակը խորհրդարանական ընտրություններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս